Երկու խոշոր խմբակցությունների հետ աշխատել չի հաջողվում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրդեն երկրորդ նստաշրջանն է, որ ՀՀ նոր իշխանությունները մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին Ստրասբուրգում, սակայն այդպես էլ չի հաջողվում ընդգրկվել եվրոպական քաղաքական ընտանիքներից որևէ մեկում, պարզապես չեն կարողանում աշխատել եվրոպական խմբակցությունների հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժը փորձել է անդամներ ունենալ և՛ սոցիալիստների խմբում, և՛ ԵԺԿ-ում՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ խմբակցությունների հետ էին աշխատում ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք հիմա ԱԺ-ում ներկայացված չեն. առաջինները՝ ԵԺԿ-ի հետ, երկրորդները՝ սոցիալիստների: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, այս գործընթացը սառեցված է, և իշխող խմբակցության ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվում մտնել Եվրոպայի երկու ամենաուժեղ և ազդեցիկ խմբակցությունների կազմ: Սա ՀՀ-ի համար բավականին լուրջ խնդիր է, քանի որ ԵԽԽՎում սպասվող բազմաթիվ քվեարկությունների դեպքում կարիք ենք ունենալու այդ խմբակցությունների աջակցության, բայց ներկայացուցիչ չունենալու պարագայում արհեստական խնդիրներ են առաջանալու: Ի դեպ, նշվածները Եվրախորհրդարանի երկու մեծ խմբակցություններն են, և նրանց քվեարկությունն էական նշանակություն ունի արդյունքների վրա: