Բոլորն այստեղ «մահանում են». Լազարևը` Իսրայելում անցկացվող «Եվրատեսիլի» մասին
ԼԱՅՖՌուսաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող Սերգեյ Լազարևը դժգոհել է Իսրայելում անցկացվող մրցույթի պայմաններից: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, երգիչը նշել է, որ ստիպված է եղել երկրորդ կիսաեզրափակչին հանդես գալ առողջական խնդիրներով: Նա պատմել է, որ մրցույթի համար նախատեսված հրապարակում աշխատում են հզոր օդորակիչներ, ինչի հետևանքով նա պարանոցի հատվածում ցավեր ուներ:
«Այստեղ բոլորը «մահանում են»: Շատ ցուրտ է, ձայնը մեռնում է»,- ասել է Լազարևն ու կազմակերպիչներին բոլոր մասնակիցների անունից խնդրել է թուլացնել օդորակիչների ուժը:
Հիշեցնենք, որ հայտնի են դարձել մայիսի 18-ին կայանալիք եզրափակչի բոլոր մասնակիցները: Լազարևը շարունակում է պայքարը, իսկ ահա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը, ով առաջին համարի ներքո հանդես եկավ երկրորդ կիսաեզրափակչում, չի ընդգրկվել եզրափակչին մասնակցող 10 մասնակիցների ցանկում: