Պաշտոնական. Մխիթարյանը բաց կթողնի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը
ՍՊՈՐՏ«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը վերաբերում է Եվրոպայի լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը, գրում է sports.ru-ն:
«Մենք չափազանց հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Եվրոպայի լիգայի՝ «Չելսի»-ի դեմ հանդիպմանը: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Միկին թիմի կազմում լիներ, սակայն այդ հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո հանգել ենք կոլեկտիվ համաձայնության, ըստ որի՝ նա թիմի հետ չի մեկնի»,-ասվում է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ Մխիթարյանը «Արսենալ»-ի՝ դեպի եզրափակիչ տանող ճանապարհին առանցքային խաղացող էր, ուստի՝ դա իրենց համար մեծ կորուստ է:
«Մենք հիասթափված ենք, որ նման խաղացողը նման հանգամանքներում բաց կթողնի եվրագավաթի կարևոր խաղը: Նման բան ֆուտբոլիստի կարիերայում հազվադեպ է պատահում»,-նշված է ակումբի հայտարարությունում:
Հայտնի է նաև, որ «Արսենալ»-ը այս հարցով դիմել է ՈւԵՖԱ-ին: