Պորտուգալիայի հավաքականը՝ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության չեմպիոն
ՍՊՈՐՏԱվարտվեց Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը: Մրցաշարի եզրափակչում Պորտուի «Դրագաու» մարզադաշտում հանդիպեցին եզրափակիչը հյուրընկալող Պորտուգալիայի հավաքականն ու Հոլանդիայի ընտրանին: Խաղը սպասարկում էր իսպանացի հայտնի մրցավար Ունդիանո Մալյենկոն: Ինչպես հայտնում է Armsport-ը, հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց խփված գոլերի:
Խաղի միակ գոլը խփվեց 60-րդ րոպեին. աչքի ընկավ Գոնսալու Գուեդեշը: «Վալենսիայի» եզրայինը գնդակն ստացավ Բերնանդու Սիլվայից և այն ուղարկեց Յասպեր Սիլեսսենի պաշտպանած դարպասի ձախ անկյունը: Չնայած՝ Սիլեսսենը ցատկեց դեպի գնդակը, բայց փրկել իր թիմին չկարողացավ:
Այսպիսով, Պորտուգալիայի ընտրանին դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության առաջին չեմպիոնը: Հոլանդիայի հավաքականը երկրորդն է: Իսկ երրորդ տեղն զբաղեցրեց Անգլիայի հավաքականը՝ ավելի վաղ հաղթելով Շվեյցարիայի հավաքականին: Հաղթանակն Ազգերի լիգայում Պորտուգալիայի ընտրանուն ապահովեց տեղը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում: