Ռոնալդուն․ Պորտուգալիայի հավաքականը գոյություն կունենա նաեւ առանց Կրիշտիանուի
ՍՊՈՐՏՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայում։ Եզրափակիչում պորտուգալացիները 1։0 հաշվով հաղթել են Հոլանդիայի հավաքականին եւ նվաճել գավաթի առաջին խաղարկության հաղթողի կոչումը։
«Մեծ պատիվ է այս տիտղոսը նվաճել Պորտուգալիայում, մեր ժողովրդի աչքի առաջ։ Նրանք երկու հանդիպումներում էլ շատ աջակցեցին մեզ։ Այս տիտղոսը նրանցն է։ Այն պատկանում է Պորտուգալիային։ Հավաքականը գոյություն կունենա նաեւ առանց Կրիշտիանուի։ Թիմը մեծ ներուժ ունի։ Կան երիտասարդ խաղացողներ, որոնք ընթացքում կառաջադիմեն։
Ես դեռ ցանկանում եմ մասնակցել այս նախագծին, քանի որ ինձ լավ եմ զգում։ Զգում եմ, որ դեռ կարող եմ օգնել հավաքականին։ Թիմը ունի հետագայում էլ տիտղոսներ նվաճելու ներուժ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ռոնալդուն Պորտուգալիայի հետ դարձել էր նաեւ 2016թ․ Եվրոպայի չեմպիոն։