Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հրավառությունները՝ կրակոցներ, իսկ խաղալիքները՝ փամփուշտ. «սովորական կրակոցի» ամեն օրվա թողած հետքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի զառիվեր ճանապարհներից մեկը տանում է Ռաֆիկենց տուն, որը գյուղի վերջին տունն է՝ ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին ու առաջինը՝ հակառակորդի նշանառության տակ: Բայց Ռաֆիկենց տունը գտնելու հարցուփորձի ճանապարհը նախ տիկին Գայանեի տուն է բերում:

«Ամոթ է՝ հո դռան առաջ չես կանգնելու»,-ասաց նա ու տուն հրավիրեց ինձ: Միանգամից զրույցի բռնվելով՝ տիկին Գայանեն սկսեց խոսել առօրյա հոգսերից, սպասելիքներից, հետո անցավ կրակոցներին ու խաղաղությանը:

Փոքրուց գիտեն՝ կրակոցն ինչ է

«Ես դպրոցում եմ աշխատում, որ սուտ չասեմ՝ արդեն 24 տարի: 40 տարի է՝ Բաղանիսում հարս եմ, բայց Իջևանի աղջիկ եմ»,«Փաստի» հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն, որի ընտանիքի հիմնական եկամուտի աղբյուրը հողագործությունն է, իսկ դպրոցից ստացած աշխատավարձը 27 հազար դրամ է:

«Թեպետ ապրուստը դժվար է, իսկ եկամուտը՝ քիչ, բայց վարկ ենք վերցրել, ստիպված մեքենա ենք առել, որ, Աստված չանի, կրակոց լինի, կարողանանք երեխաներին գյուղի ծայրը տանել: Գիտես՝ մեզ մոտ 2 տարեկանից գիտեն՝ կրակոցն ինչ է, գիտեն՝ կրակոցի ժամանակ ինչ պիտի անեն, ուր պիտի գնան…»,-մի քիչ հպարտությամբ, բայց և ափսոսանքով է ասում նա:

«Մարդիկ հիմա ծնունդի, կնունքի հավես ունեն: Վերջին տարիներին էդ հավեսը չկար: Բայց որ հանկարծ ինչ-որ մեկի տանը ծնունդ կամ կնունք է լինում ու վերջում հրավառություն է սկսվում, 4 տարեկան թոռս ասում է՝ վայ, տատ ջան, կրակոցը սկսվեց: Էրեխեքը գիտեն, թե կրակոց է…»

Պատկերացումներն ու իրականությունը

Տիկին Գայանեն ասում է՝ իր համար կրակոցը սովորական է: «Ոնց որ էրեխեքի համար էլ է սովորական: Սովորական կրակոց, երբ մեծ ու փոքր գիտի՝ ինչ պիտի անի: Դե էդ ժամանակ մեկ-մեկ բարեկամ, հարազատների տուն ենք գնում, բայց էլի հետ ենք գալիս՝ հողամաս ունենք:

Բայց գիտես, չէ, գյուղում հարուստներ կային, հիմա գյուղից փախել են: Չէինք պատկերացնի, որ իրենք էդ ամեն ինչը կթողնեին, կգնային… Մենք էնքան ենք մնացել կրակոցների տակ, պատկերացրու՝ տանիքիդ վրա էդ բոմբը տրաքի, ո՞նց կլինի»,ասում է նա ու կրկին համոզում՝ կրակոցը սովորական է, ուղղակի կյանքն է այստեղ այլ: 

Տիկին Գայանեն խաղաղության մասին իր պատկերացումն ունի: Մի կողմից կա խաղաղ ապրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ իրականությունը, որը նրան խանգարում է լավատես լինել: «Թշնամին վնասելու ցանկություն ունի: Կարողա չսպանեն, բայց մտածված վիրավորեն կենդանիներին:

 

Հողամասերի վրա են կրակում, որ բերքը փչացնեն, դպրոցի վրա էլ են կրակում… Ես խաղաղության հնարավորություն չեմ տեսնում, պայմանագիր կարող է կապեն, բայց խելքս չի կտրում…Էսքան թշնամությունից հետո հնարավոր չի, որ խաղաղություն լինի»,-ասում է նա ու միաժամանակ շեշտում՝ գյուղն իրեն պաշտպանված է զգում, որովհետև գյուղից շատերն են պայմանագրային զինծառայողներ:

…Որ ոչ մի մայր արցունք չթափի

Ռաֆիկենց տունը տիկին Գայանեի տնից հեռու չէր՝ դիմացի հատվածում, բայց մի քիչ վերև՝ ավելի մոտ հայ-ադրբեջանական սահմանին ու ամենաառաջինը՝ հակառակորդի նշանառության տակ: Ռաֆիկենց տան դիմաց մի կին էր կանգնած:

Նաիրան էր՝ Ռաֆիկի կինը, որը Բաղանիս Վանաձորից է հարս եկել: Նաիրան երեք երեխաների մայր է։

Հրավիրում է տուն: Առաջինը գրավում են տան պատերը, ուր մեծ տղայի ստեղծագործություններն են, աղջկա ձեռքի աշխատանքներն ու փոքր տղայի սպորտային հաջողությունները փաստող մեդալները: 

Տան առաստաղը ևս դատարկ չէր՝ կրակոցներից առաջացած մեծ փոսեր էին, իսկ տան տանիքն ամբողջությամբ ավերված էր:

 

«Տունը մեծ է, ծախսը՝ շատ»,-ասում է Նաիրան ու հավելում՝ թեև վերանորոգման հնարավորություն չունեն, բայց ոչ ոքից որևէ ակնկալիք չունեն:

Ընտանիքի հիմնական զբաղմունքը հողագործությունն է, որով էլ պայմանավորված էր տան տղամարդու բացակայությունը:

«Հույսը միայն մեզ վրա ենք դնում: Մենք տունը փոփոխել ենք, քանի որ սենյակից հնարավոր չէր կրակոցի ժամանակ դուրս գալ: Դռներից մեկի տեղը պատ ենք շարել՝ մյուս կողմից ենք դուռ բացել: Այստեղ հաճախ են կրակոցներ լինում: Այդ ժամանակ գնում ենք ներքև՝ թաքստոց, կամ հարևանի տուն: Մեր տունը սահմանից հազիվ 1 կմ հեռավորության վրա է»,-պատմում է նա, բացում պատուհանն ու ցույց տալիս անզեն աչքով տեսանելի դիրքերը:

 

«Որտեղ ուզես՝ կարող ես պայման ստեղծել, անգամ կրակի տակ: Տեղափոխվելու մասին առհասարակ չենք մտածում: Մի օր կրակոցները շատ էին, գնացել էինք Վանաձոր, բայց էրեխեքը մեզ հետ են բերել: Ասացին՝ եկեք գնանք: Ասում էին՝ եթե մենք մեր տանը չլինենք, մեր զինվորն ո՞ւմ համար պետք է պոստեր պահի: Ասում էին՝ ո՞ւմ համար են պահում:

Առաջինը մեր զինվորներն են մեզ պահում, հետո մենք՝ իրենց, իրենք գիտեն, որ մենք կանք այստեղ»,-նշեց նա՝ շեշտելով, որ ոչ մի անգամ չի փոշմանել, որ հենց Բաղանիս է հարս եկել:

«Միայն ուզում եմ, որ իմ ու մեր գյուղի բոլոր երեխաները հանգիստ քնեն: Ուզում եմ՝ իմ երեխան հանգիստ գնա դպրոց ու հետ գա, ու ոչ թե մի բան տրաքի՝ վազենք տեսնելու, թե ում երեխային ինչ եղավ։

Ուզում եմ խաղաղություն լինի՝ ոչ մի մայր արցունք չթափի: Երկու երազանք ունեմ: Ամենամեծ երազանքս այն է, որ կրակոց չլինի: Ուզում եմ խաղաղ լինի ու գլխիս ջուր չկաթա՝ ուրիշ ոչինչ չեմ ուզում»,-ասում է Նաիրան:

Տղե՛րք, ուժեղ եղեք

Զրույցին է խառնվում փոքր տղան՝ 14 -ամյա Դավիթը՝ ձեռքին ինչ-որ իրեր: Հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ տանն ապրող երեխան ոչ թե խաղալիքների, այլ փամփուշտների հավաքածու ունի, որոնք տարիների ընթացքում իրենց տանից է հավաքել: Նրա համար խաղալիքն իրական փամփուշտն է եղել:

Հիմա Դավիթի երազանքը սպա դառնալն է:

«Մանկուց երազել եմ զինվորական դառնալ, ուզում եմ, որ երազանքս կատարվի: Ամեն ինչ կանեմ, որ կատարվի»,-ասում է նա ու խոսում վախի ու քաջության մասին:

«Մենք չպետք է վախենանք իրենցից, թող իրենք մեզանից վախենան: Եթե մենք վախենանք, էլ խի ենք այստեղ մնում: Եթե մենք վախենանք, մեր զինվորն էլ կվախենա, բայց տենց ո՞ւր կհասնենք:

Ավելի լավ է քաջ մնանք: Ինձ միշտ քաջալերում են: Մեր մարզիչն էլ է ոգևորում, ասում է՝ տղե՛րք, ուժեղ եղեք, որ մի օր էլ դուք եք զինվոր դառնալու»,-նշում է Դավիթն ու թվարկում սիրելի առարկաները՝ ֆիզկուլտուրա, աշխարհագրություն ու ռազմագիտություն:

 

«Չեմ թողնի, որ իմ էրեխու երազանքը գետնով տան»

Զրույցին խառնվում է մայրը՝ կես կատակ նախատում որդուն մյուս առարկաներից ստացած վատ գնահատականների համար:

Վախի ու քաջության պատկերացումը Նաիրայի դեպքում այլ է:

«Բաղանիսի էրեխեն կրակոցի ձայնը լսելուց չի վազելու, իրեն չի կորցնելու, կանգնելու է: Երբ այդ պահին իմ երեխաների կողքին չեմ, գիտակցում եմ, որ մի ապահով պատի հետևում կանգնել են: Բայց, միևնույն է, մայր ես: Մեկ է՝ վազելու ես, մեկ է՝ գնալու ես…»

Նաիրան խոստովանում է՝ իր համար կրակոցը սովորական չէ: «Մի օր Վանաձորում ասացին՝ դե, ձեզ համար սովորական կլինի: Այդպես չէ, ամեն օրն իր հետքն ունի… Երբ Դավիթը փոքր էր, այդ ձայնից դողում էր:

Հետո մեծացավ: Ասում էինք՝ էլի՞ ես ուզում սպա դառնալ, ասում էր՝ հա, մա՛մ, անպայման: Մեծ տղայիս՝ Գեորգիի ոտքը կոտրվել էր, որոշ ժամանակ հետո բժիշկն ասաց՝ ի վիճակի չես ծառայելու: Էրեխեն լաց եղավ, բժիշկն ասաց՝ ուրիշը լաց է լինում, որ գնալու է, դու՝ որ չես գնալու:

Մի օր երկու եղբայրներով նստած էին: Գծագրում էին, թե ոնց են տունն ավելացնելու:

Տան գլխին նորից տուն են ուզում սարքել: Կյանքում չեմ թողնի, որ իմ էրեխու երազանքը գետնով տան: Էդ օրվանից սկսեցի ինձ տրամադրել, որ մի օր մեր աշխարհը խաղաղ կլինի, իսկ իմ էրեխեն հանգիստ կծառայի…»

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան