Հայաստանում Ազգային վենչուրային հիմնադրամ կստեղծվի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում կստեղծվի Ազգային վենչուրային հիմնադրամ, որի կառավարումը կդրվի միջազգային մակարդակի մասնագետների վրա։ Այս մասին այսօր Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքերով ԱՎՀ-ի ստեղծումը որոշված հարց է։ Հիմնադրամը կձեւավորվի պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմի կիրառմամբ։ Ծրագրվում է, որ առաջիկա 5-7 տարիներին հիմնադրամի միջոցները կհասնեն 100 մլն դոլարի, ներառյալ՝ պետության միջոցները։ ԱՎՀ-ի հիմնական նպատակը ստարտափներում ներդրումներն են, նշեց Արշակյանը։ Նա ընդգծեց, որ հիմնադրամի ստեղծմամբ կառավարությունը ձգտում է Հայաստանում ձեւավորել բարենպաստ միջավայր, որի դեպքում արտասահմանյան մասնագետներն էլ կգան երկրում աշխատելու։