Ալիեւը պատժում է անհնազանդներին. Նարդարանում զոհվածների մարմինները դեռեւս չեն հանձնվել հարազատներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆարդարանում նոյեմբերի 26-ի հատուկ գործողության ընթացքում զոհվածների մարմինները դեռեւս չեն հանձնվել հարազատներին: Այդ մասին Turan-ին տեղեկացրել է գյուղի տարեցներից մեկը` Նատիգ Քերիմովը:
Նրա խոսքով, զոհվածների մարմինները մետրոյի «Ազի Ասլանով» կայարանի մոտ գտնվող N7 հիվանդանոցի դիահերձարանում են:
«Մի քանի օր առաջ լուր էր տարածվել, թե նրանց արդեն թաղել են, բայց չէր հաղորդվել, թե որտեղ, դրա վկաներ չկան: Նույնիսկ ծնողներին չեն ասել, թե նրանց զավակները որտեղ են: Երեխաներին կորցրած ծնողներին առաջարկել են այսօր 13.00-ին գալ Նարդարանի խնջույքների սրահ, որտեղ կքննարկվի մարմինների հանձնման հարցը», - ասել է Քերիմովը:
Միաժամանակ գյուղն առաջվա պես շրջապատված է ոստիկանական ուղեկալներով: Նարդարանի փողոցներում ուժայիններ են պարեկում: Գյուղում արդեն շաբաթից ավելի է` լույս ու գազ չկա:
Տեղի բնակիչները տաքանում են` տախտակներ, ծառեր այրելով: Առայժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի էլեկտրականության մատակարարումը:



