Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 2 զոհ եւ 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 17:40-ի սահմաններում, Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 142 կմ հատվածում, Քեթիի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 ջոկատի հրշեջ-փրկարարները:
Փրկարարները մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել մեծ դժվարությամբ, քանի որ ճանապարհը դժվարանցանելի է:
Բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրելով 2 քաղաքացու մահը, տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Շիրակի մարզային վարչություն:



