Կավանին չի բողոքարկի իր որակազրկումը
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին չի բողոքարկի իր 3-խաղյա որակազրկումը: Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) 33-ամյա ֆուտբոլիստին որակազրկել էր ռասիստական գրառման համար և տուգանել 100 հազար ֆունտ ստերլինգով:
«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կավանին այդ որոշումը չի բողոքարկի FA-ի հանդեպ հարգանքի ու ռասիզմի դեմ պայքարի սոլիդարության համար:
Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղից հետո 33-ամյա ֆուտբոլիստը, Ինստագրամում պատասխանելով իր հետևորդներից մեկին, գրել էր՝ «Gracias negrito» (շնորհակալություն, սև): 3 ժամ անց Կավանին ջնջել էր այդ գրառումը: Այդ խաղում (3:2) Կավանին փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում և դարձել դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ: