Չինաստանից ՌԴ-ն շրջանցող առաջին գնացքն այսօր կժամանի Վրաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանից Թուրքիա ուղևորվող առաջին տարանցիկ գնացքն այսօր, նոր «Մետաքսի ճանապարհով» շրջանցելով Ռուսաստանի տարածքը, կժամանի Վրաստան. հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ վրացական կառավարության հղումով:
Չինական Լյանյունգան տերմինալից շարժված գնացքը Վրաստանի մայրաքաղաք կհասնի տեղի ժամանակով 10:30: «Գնացքի ժամանմամբ պաշտոնապես կբացվի «Մետաքսի ճանապարհը»:
Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանում Չինաստանի դեսպան Յու Բինը:
Մինչև տարեվերջ Վրաստան կժամանի ևս մեկ տրանզիտային գնացք, իսկ 2016 թվականից Թբիլիսին պլանավորում է ընդունել մի քանի հազար կոնտեյներ:
Վրացական կառավարությունում նշել են, որ ապագայում գնացքները Չինաստանից Ստամբուլ կհասնեն առավելագույնը 15 օրում, իսկ այժմ բեռները ծովային ճանապարհով հասնում են 40-45 օրում:



