Նեյմարն ակնարկել է, որ կերկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը
ՍՊՈՐՏՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է ֆրանսիական ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին: Նա ճանաչվել է ՊՍԺ-ի ու Մյունխենի «Բավարիայի» միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման (0:1) լավագույն ֆուտբոլիստ:
«ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելն այլևս խնդիր չէ: Ակնհայտ է, որ Փարիզում ինձ զգում եմ ինչպես տանը: Ես դարձել եմ ավելի ուժեղ, քան նախկինում էի»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Բրազիլացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 22 խաղի, դարձել 13 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: