Յակուտիայում անտառային հրդեհը մարելիս Հայաստանի քաղաքացի է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅակուտիայում անտառային հրդեհը մարելիս Հայաստանի քաղաքացի է մահացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տարածաշրջանի ՌԴ ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությանը:
«Մենք այս փաստի ընթացակարգային ստուգում ենք իրականացնում: 1977 թվականին ծնված տղամարդը ներգրավված է եղել Չուրապչինսկի շրջանում հրդեհի մարման աշխատանքներում», - ասել են գերատեսչությունից:
Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ տղամարդու մարմինը հայտնաբերվել է գյուղերից մեկի մոտակայքում: Ըստ տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների` նա տրակտորիստ էր, ով օգնում էր մարել կրակը: Տղամարդը անհետացել էր օգոստոսի 9-ին:
Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևի մամուլի քարտուղարը լրագրողներին ասել է, որ ճանապարհային ձեռնարկություններից մեկի աշխատակիցը մահացել է Չուրապչինսկի շրջանում՝ Մուգուդայ գյուղի մոտակայքում, անտառային հրդեհը մարելիս: Նիկոլաևը նաև իր ցավակցությունն է հայտնել մահացածի ընտանիքին և ընկերներին:
Ռուսաստանի բնական պաշարների նախարարությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մահացածը Հայաստանի քաղաքացի է: