«Ռեալի» 10 գոլերն ու Բեյլի կարիերայի առաջին պոկերը
ՍՊՈՐՏԻսպանական Պրիմերայի 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 10:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ: Հյուրերը 28-րդ րոպեից հանդես էին գալիս 9 ֆուտբոլիստներով:
Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացեց «Ռեալի» բրազիլացի պաշտպան Դանիլոն, սակայն քիչ անց «Ռայո Վալյեկանոն» 2 րոպեում խփեց 2 գոլ եւ անսպասելիորեն առաջ անցավ հաշվի մեջ: 14-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով, իսկ քիչ անց ուելսցի Գարեթ Բեյլը հավասարեցրեց հաշիվը: 28-րդ րոպեին «Ռայո Վալյեկանոն» ստացավ երկրորդ կարմիր քարտը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով առաջ մղեց մադրիդցիներին: Խաղակեսի վերջնամասում Բեյլը դարձավ դուբլի հեղինակ եւ Արքայական ակումբն ընդմիջման գնաց 2 գոլի առավելությամբ:
9 ֆուտբոլիստներով մնացած «Ռայո Վալյեկանոն» երկրորդ խաղակեսում եւս չէր մոռանում գրոհելու մասին եւ նույնիսկ ունեցավ գոլային պահեր, սակայն բաց թողեց եւս 5 գոլ: Բեյլը ձեւակերպեց պոկեր, Ռոնալդուն՝ դուբլ, իսկ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
26-ամյա Գարեթ Բեյլն անցկացրեց կարիերայի 407-րդ պաշտոնական հանդիպումը եւ առաջին անգամ դարձավ պոկերի հեղինակ:
Ռաֆայել Բենիտեսի թիմը 33 միավորով երրորդ տեղում է եւ 2-ական միավոր զիջում է առաջատարներ «Բարսելոնային» ու Մադրիդի «Աթլետիկոյին», որոնք մեկական խաղ պակաս են անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Ռեալ» - «Ռայո Վալյեկանո»՝ 10:2
Դանիլո, 3, Գարեթ Բեյլ, 25, 41, 61, 70, Կրիշտիանու Ռոնալդու, 30, 53, Քարիմ Բենզեմա, 48, 79, 90 – Անտոնիո Ամայա, 10, Ժոզաբեդ, 12
Հեռացումներ՝ Տիտո, 14, Ռուբեն Բուենա, 28 (երկուսն էլ՝ «Ռայո Վալյեկանո»)