Aimchess US Rapid․ Լևոն Արոնյանը չհաղթահարեց Կարլսենի արգելքը
ՍՊՈՐՏԱրագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնյանը պարտվեց 1։3 հաշվով՝ 2 պարտություն, 2 ոչ ոքի։
Առաջին օրվա դիմակայությունն ավարտվել էր 2։2 հաշվով։ Չորս պարտիաներում էլ գրանցվել էր ոչ ոքի։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզան։
Քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը 2 խաղային օրերի արդյունքում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
Խմբային փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 9.5 միավոր և Ալիրեզա Ֆիրուզայի հետ բաժանել 3-4-րդ տեղերը: Խմբային փուլում լավագույն արդյունքը գրանցել էր 10.5 միավոր հավաքած Վլադիսլավ Արտեմիևը, իսկ Մագնուս Կարլսենը հավաքել է 10 միավոր:
Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։ Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին: