Փաշինյան. Ալիեւի հետ հանդիպման առնչությամբ ժամանակի ու տեղի սահմանափակումներ չկան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանդիպման առնչությամբ (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը՝ խմբ.) ժամանակի եւ տեղի սահմանափակումներ չկան, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նման հանդիպումների կազմակերպման պրակտիկա ունեն։ Այս մասին հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միակ տրամաբանական սահմանափակումը, նրա խոսքով, այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում։
«Ալիեւի հետ հանդիպելու իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետեւ վերջին ամիսներին ես ողջունել եմ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորմանը այն սկզբունքների եւ տարրերի հիման վրա, որոնք դրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սեղանին։ Հանդիպումների պատրաստակամության մասին հայտարարում ենք ոչ առաջին անգամ։ Հույս ունեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում հնարավոր կլինի ակտիվացնել ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- նշել է նա։