Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 14-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը, և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։