Մեքսիկայում հրազենային հարձակում է իրականացվել հայտնի լրագրողի դեմ. վերջինս մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Չիապաս նահանգում անհայտ անձը կրակել և սպանել է տեղի հայտնի լրագրող Ֆրեդի Լոպես Արեվալոյին:
Ինչպես հաղորդում է Heraldo de Chiapas-ը, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ 57-ամյա Արեվալոն վերադառնալիս է եղել տուն Սան Կրիստոբալ քաղաքում: Հանցագործը նրան է մոտեցել մոտոցիկլետով և հրազենից վիրավորել է նրան, երբ վերջինս իրեր էր դուրս բերում իր մեքենայի բեռնախցիկից:
Հանցագործը փախել է դեպքի վայրից: Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Արեվալոն տեղի Maya Press լրատվական գործակալության հիմնադիրն էր: Վերջինս աշխատել է տարբեր հայտնի պարբերականներում և թերթերում, ինչպես օրինակ Novedades de México, Prensa Libre de Guatemala և Notimex:
Մեքսիկայի մարդու իրավունքների հարցով փոխնախարար Ալեխանդրո Էնսինասի տվյալներով՝ երկրում երեք տարում 47 լրագրող է սպանվել: