Փոխհրաձգություն Ադրբեջանի սահմանին. Կա մեկ զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սահմանապահները զենք են կիրառել երկու անհայտ անձանց նկատմամբ, ովքեր մաքսանենգ բեռներով խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, վնասազերծվել է մեկ սահմանախախտ, հայտնում է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի Յարդըմլի շրջանի Դաշքենդ գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահ դիրքի սահմանապահները հայտնաբերել են Իրանի կողմից պետական սահմանի խախտման փաստը։ Օրինախախտները չեն ենթարկվել սահմանապահների՝ հանձնվելու հրամանին և հրազենային զենք կիրառելով՝ փորձել են հետ փախչել հարևան պետության տարածք՝ ազատվելով բեռից։
Պատասխան կրակի արդյունքում ներխուժածներից մեկը վնասազերծվել է, երկրորդը կարողացել է փախչել։
Դեպքի վայրում հայտնաբերվել է տարբեր մակնիշի 2 տուփ ծխախոտ՝ ավելի քան 4200 հատ։
Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանք է տարվում մեկի ինքնությունը պարզելու և սահմանը խախտող երկրորդին բռնելու ուղղությամբ։
Միջադեպի մասին տեղեկությունը փոխանցվել է իրանական կողմին»,- ասված է հաղորդագրությունում։