Փոխվարչապետը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով դեսպանին՝ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները՝ արտահայտելով իր պատրաստակամությունը նպաստելու դրանց խորացմանն ու զարգացմանը: Փոխվարչապետը նշել է, որ նախորդ կարգավիճակում երկկողմ համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել և լավ փորձ է կուտակվել նույն ձևով շարունակելու ու հաջողություններ գրանցելու համար:
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության լայն օրակարգ է ձևավորված, և բոլոր նախադրյալները կան ընթացիկ ծրագրերն առաջ տանելու և նոր նախաձեռնությունների համար:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, տեխնոլոգիական զարգացման ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկայի բնագավառում ընթացող և նախանշվող ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության և «Ռոսատոմի» գործակցությանը: