Զաքիր Հասանովը հրահանգել է անհապաղ արձագանքել «հայկական կողմի սադրանքներին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տեղեկատվություն է ստացել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ են տրվել հայկական կողմի «հնարավոր սադրանքներին» անհապաղ համարժեք պատասխան տալու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։
Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։