ԿԲ-ն կանխատեսում է 1.6 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշն իջեցվել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը, 2022-ի համար կանխատեսվում է 1.6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:
«Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս»,- ասաց Գալստյանը:
ԿԲ-ից նշում են, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ:
Կանխատեսվող ցուցանիշի իջեցումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղում որոշակի նվազեցմամբ: «Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոսով, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4.7 տոկոս ցուցանիշ է դրված»,- ասաց Գալստյանը:
Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում. Նախկինում կանխատեսած 16.8 տոկոսի փոխարեն ԿԲ-ն կանխատեսում է 7 տոկոս աճ: Ծառայությունների ճյուղում կանխատեսումը 5.9 տոկոսից իջեցվել է 3.2 տոկոսի: Միակ ճյուղը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու, նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է:
ՀՆԱ-ի աճը կանխատեսելիս ԿԲ-ն վերցրել է այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որը ենթադրվում էր մինչև շոկը: ՀՆԱ-ի այս կանխատեսման մեջ հարկաբյուջետային քաղաքականության փոփոխություն դեռևս արտացոլված չէ: