ԱՄՆ Սենատը միաձայն Պուտինին դատապարտել է որպես ռազմական հանցագործ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը։
Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։
Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։
Բանաձևը կոչ է անում Հաագայի միջազգային քրեական դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնել «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ»։
«Մենք բոլորս այս սրահում միավորվել ենք դեմոկրատների և հանրապետականների հետ՝ ասելու, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների պատասխանատվությունից», - ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։