Նիդեռլանդներում մտադիր են ուկրաինացի փախստականներին տեղակայել կառավարական շենքերում ու բանտերում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդեռլանդների բնակարանային և տարածքային պլանավորման նախարար Հուգո դե Յոնգեն հայտարարել է, որ տարածքի սղության պատճառով իշխանություններն ուկրաինացի փախստականներին կսկսեն տեղակայել հին բանտերում ու կառավարական շենքերում։ Այս մասին հաղորդում է RTL Nieuws-ը։
Հաղորդվում է, որ ուկրաինացի փոխստականների հոսքն աճում է, ուստի 15 հազար մարդ կտեղակայվի կառավարական շենքերում ու բանտերում։ Երկրի նախարարների կաբինետը 75 միլիոն եվրո է հատկացրել այդ տարածքների վերանորոգման համար, առաջիկա օրերին դրանք պատրաստ կլինեն ուկրաինացիներին ընդունելու համար։
Հայտնի է նաև, որ կառավարությունը քննարկում է ուկրաինացի փախստականների համար հատուկ բնակավայրերի կառուցման հարցը, սակայն փախստականների հարցերով զբաղվող գործակալությունը մտավախություններ ունի, որ այդ դեպքում նրանք չեն կարողանա սովորել լեզուն և աշխատանք գտնել Նիդեռլանդներում։
Մարտի 26-ի դրությամբ Նիդեռլանդներում է գտնվում մինչև 17 հազար ուկրաինացի փախստական։ Կանխատեսվում է, որ դեռ հարյուր հազարավոր ուկրաինացիներ կժամանեն։