Թուրքիան արգելում է Սեւ ծովում ձկնորսությունն ականի հայտնաբերումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները հայտարարել են Սև ծովի մի մասում ձկնորսությունը մասնակի սահմանափակելու մասին այն բանից հետո, երբ Բոսֆորում ական է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությանը։
«Այսօրվանից (26.03.2022) մինչև հաջորդ հայտարարությունը Բուլղարիայի և Կեֆկենի միջև ընկած Սև ծովի ջրերում արգելք է մտցվում բոլոր տեսակի ձկնորսության համար՝ մայրամուտից մինչև արևածագ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Շաբաթ օրը ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ ավելի վաղ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված առարկան, պարզվել է, ական է։
Մարտի 26-ի առավոտյան տեղի ձկնորսները Սարյեր-Թուրքելի խարիսխի տարածքում ական հիշեցնող առարկա են նկատել, Բոսֆորի երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել էր։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց այս օբյեկտի վնասազերծման մասին, իսկ Բոսֆորը բացվեց նավերի տեղաշարժի համար։