Քաղաքապետարանի մոտ բախվել են Ford Mustang-ն ու ՀՀ ՊՆ պատվիրակության ուղեկցող մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20–ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակչներ, 31-ամյա Գևորգ Գաբրիելյանի վարած Ford Mustang մակնիշի 50 OO 006 համարանիշի և 43-ամյա Լևոն Հովսեփյանի վարած Toyota Camry մակնիշի ARM 141 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Չի բացառվում, որ նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն, քանի որ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ՊՆ հաշվեկշռում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Camry-ի իսկական համարանիշները եղել են ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, սակայն վթարի պահին եղել են այլ համարանիշներ և Toyota Camry-ն ուղեկցելիս է եղել պաշտպանության նախարարության պատվիրակության անդամներից մեկին և, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: