Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում իր պահանջով է հանվել Լեռնային Ղարաբաղին վերաբերվող հատվածը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Պատերազմից հետո մեր շփումները Եվրամիության հետ ավելի ինտենսիվ դարձան։ ԵՄ-ն ընդունել է նաև հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները»,- երեքշաբթի ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ։
«Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի են ունեցել եռակողմ հանդիպումներ։ Այս հանդիպումների մասին տեղեկություն է տրվել։ Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ վերջնական կոմյունիկեի մեջ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է։ Քանի որ Ադրբեջանն ընդդիմանում էր դրան, չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը կարգավորվել է»,- ասել է պետության ղեկավարը։
Ալիևը նաև նշել է, որ հետկոնֆլիկտային առաջին տարվա արդյունքները հիմք են տալիս ասելու, որ առաջադրված բոլոր խնդիրները կատարված են։
«Նախ, մենք շարունակեցինք մեր շփումները և ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, և աշխարհի առաջատար միջազգային կազմակերպություններն ընդունեցին նոր իրողությունները»,- ասել է Ալիևը։