Ադրբեջանը պատրաստվում է Բուլղարիային գազ մատակարարել 25 տարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ Բուլղարիան շուտով կսկսի ադրբեջանական գազ ստանալ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարով (IGB), հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ադրբեջանը Բուլղարիային գազ կմատակարարի 25 տարի, ինչպես ավելի վաղ համաձայնեցվել էր երկու երկրների միջեւ։ Այսօր Բուլղարիան Եվրոպայում ադրբեջանական գազ ստացող երեք երկրներից մեկն է։ Համոզված ենք, որ Հունաստանի հետ փոխկապակցման գծի շինարարությունը կավարտվի մոտ ապագայում, եւ Բուլղարիան կսկսի ադրբեջանական գազ ստանալ դրա միջոցով։ Սա մեծ ներդրում կլինի Բուլղարիայի էներգետիկ անվտանգության մեջ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նշենք, որ ավելի վաղ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել էր, թե երկիրը հուլիսի 1-ից կկարողանա գազը ամբողջ ծավալով ստանալ Ադրբեջանից՝ անկախ Հունաստանի հետ միջհամակարգային գազատարի կառուցումից։
Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա (Իտալիա, Հունաստան եւ Բուլղարիա) սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ TAP գազատարով։ Սակայն միջհամակարգային գազատարի բացակայության պատճառով Բուլղարիա ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը նախատեսվածից 4 անգամ պակաս է եղել։