Թեհրանում ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանում Իրանի և Թուրքիայի առաջնորդներ Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Սադաբադ պալատում հանդիպումներն ու խորհրդի նիստը ընթանում են մամուլի համար փակ ֆորմատով։
Խորհրդի նիստին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունները։
Նիստի արդյունքում նախագահների ներկայությամբ նախատեսվում է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։
Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստից առաջ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Էրդողանը հանդիպել է նաև Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիին:
Թեհրան մեկնած թուրքական պատվիրակության կազմում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն, առևտրի նախարար Մեհմեթ Մուշը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։