Հնդկաստանի կենտրոնական բանկը ցանկանում է արգելել կրիպտոարժույթները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի կենտրոնական բանկը ցանկանում է արգելել կրիպտոարժույթները, հայտնել է կառավարությունը խորհրդարանին, ինչը սրել է անորոշությունը վիրտուալ թվային ակտիվի ապագայի վերաբերյալ աշխարհի երկրորդ ամենամեծ ինտերնետ շուկայում, գրում է TechCrunch-ը:
Ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը հայտարարել է, որ Հնդկաստանի պահուստային բանկը մտահոգություն է հայտնել «կրիպտոարժույթների՝ երկրի դրամավարկային եւ հարկաբյուջետային կայունության վրա ապակայունացնող ազդեցության կապակցությամբ» եւ առաջարկել է «օրենսդրություն մշակել այս ոլորտում»։ «ՀՊԲ-ն կարծում է, որ կրիպտոարժույթները պետք է արգելվեն»,- հավելել է նա:
Նա նշել է, որ կրիպտոարժույթները կարգավորող կամ արգելող ցանկացած օրենսդրության մշակումը «զգալի միջազգային համագործակցություն» կպահանջի:
«Կրիպտոարժույթները, ըստ էության, չունեն սահմաններ եւ միջազգային համագործակցություն են պահանջում՝ կարգավորող արբիտրաժի կանխման համար: Ուստի կանոնակարգման կամ արգելման ցանկացած օրենսդրություն կարող է արդյունավետ լինել միայն ռիսկերի եւ առավելությունների գնահատման եւ ընդհանուր տաքսոնոմիայի եւ ստանդարտների էվոլյուցիայի հարցում միջազգային զգալի համագործակցությունից հետո»,- հավելել է նա: