Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում
ՍՊՈՐՏՀայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում:
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկ:
Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են հեծանվորդները: Հայաստանը ներկայացրել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է 19 մարզիկով, որոնք կպայքարեն 7 մարզաձևերում:
Պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա աթլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինթոն և ևս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձևերում: