Մեքսիկայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ 13 մարդ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Սան Լուիս Պոթոսի նահանգի ոստիկանության օպերատիվ խումբը զինված հարձակման է ենթարկվել, որից հետո հանցագործներից 13-ը սպանվել են, 2-ը՝ ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանության կայքին։
«Բախման հետևանքով սպանվել է հանցագործությունների կատարման մեջ կասկածվող 13 մարդ, հարձակմանը մասնակից ևս երկու անձ բերման է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության հատուկ գործողությունն սկսվել է երկու կնոջ ձերբակալությունից հետո, որոնք իրավապահներին հայտնել են, որ մասնակցել են դիերի գաղտնի թաղմանը, և ցույց են տվել աճյունների գտնվելու վայրը։
Հետագա որոնողական աշխատանքների ընթացքում, սակայն, ոստիկանության օպերատիվ խումբը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից, որոնք փորձում էին թաքնվել տներից մեկում։ Շենքի գրոհի ժամանակ սպանվել է զրահաբաճկոնով 10 տղամարդ և 3 կին։ Եվս երկուսը՝ մի կին և մի տղամարդ, հայտնաբերվել են տան հարակից տարածքում գտնվող ավտոմեքենայի մեջ։
Իրավապահներն առգրավել են 27 ինքնաձիգ ու 7,62 տրամաչափի հրացաններ, ինչպես նաև 6 ավտոմեքենա, այդ թվում՝ ամերիկյան Ֆլորիդա նահանգի պետհամարանիշներով մի պիկապ։