Թուրքիան Ուկրաինա է մատակարարել Kirpi զրահամեքենաների խմբաքանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան Ուկրաինա է մատակարարել սեփական արտադրության Kirpi 4x4 զրահամեքենաներ։ Այս մասին տեղեկացրել է «Военный осведомитель» թելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով ուկրաինական աղբյուրներին։
Ալիքի տվյալներով՝ Ուկրաինայի Զինված ուժերն արդեն ստացել են թուրքական 50 MRAP Kirpi 4x4 զրահամեքենա, եւս 150 նման մեքենա Կիեւը Թուրքիայից կստանա առաջիկայում։ Չի ճշտվել, սակայն, թե ինչպես են իրականացվելու դրանց մատակարարումները, ինչպես նաեւ մատակարարման ժամկետները։
Թուրքական անվավոր Kirpi զրահամեքենաները հետախուզական մեքենաներ են, որոնք ունեն զրահապատ կորպուս, որն ապահովում է զրահը խոցող փամփուշտներից եւ հրետանային ականների բեկորներից։ Kirpi-ն ունի հինգ հրակնատ՝ հրազենից կրակ վարելու համար, անթափանց պատուհաններով եւ տանիքին հրանոթով, որը կարելի է պտտել 360 աստիճանով։ 16 տոննա քաշով զրահամեքենան կարող է տեղափոխել 12 մարտիկի եւ անձնակազմի երկու անդամի։