Իրանում առաջին մահապատժի վճիռն է կայացվել հակակառավարական ցուցարարի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թեհրանի դատարանը հակակառավարական ցույցերի մասնակցի համար կայացրել է առաջին նախնական մահապատժի վճիռը։ Ցուցարարը մեղավոր է ճանաչվել կառավարական շենքը հրկիզելու, հանրային կարգը խախտելու, ազգային անվտանգության դեմ հանցագործություն կատարելու դավադրության համար, հայտնում է իրանական Mizan Online գործակալությունը։
Ամբաստանյալը հայտարարվել է «Աստծո թշնամի»։ Նա կարող է բողոքարկել դատավճիռը։ Եվս հինգ հոգի դատապարտվել են հինգից տասը տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության դեմ հանցանք գործելու և հանրային կարգուկանոնը խախտելու համար։
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մեկուկես ամիս։ Դրանք սկսվել են 22-ամյա քուրդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո, որը ձերբակալվել էր Թեհրանի բարոյականության ոստիկանության կողմից հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։ Անցյալ շաբաթ իրանցի պատգամավորների մեծամասնությունը հորդորել է դատավորներին «կատարել հաշվեհարդարի վճիռը» ձերբակալվածների նկատմամբ։ Մինչ օրս ավելի քան 1000 մեղադրանք է առաջադրվել։ Իրավապաշտպանների տվյալներով՝ անկարգությունների ժամանակ ավելի քան 14 000 մարդ է բերման ենթարկվել։