Դեսպան. 2016 թ. սկզբին հայկական խանութների վաճառասեղաններին կհայտնվեն լիտվական առաջին ապրանքները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2016 թ. սկզբին հայկական խանութների վաճառասեղաններին հնարավոր կլինի տեսնել լիտվական առաջին ապրանքները: Այս մասինNEWS.am –ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Լիտվայի Արտակարգ ու Լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ հավելելով, որ դա կլինի Հայաստանի ու Լիտվայի տնտեսական հարաբերությունների ոլորտում 2015 թ. ամենամեծ ձեռքբերումը:
Դեսպանի խոսքով 2015 թ. յուրահատուկ էր Հայաստանի ու Լիտվայի երկկողմանի հարաբերությունների տեսակետից: Նոյեմբերի 27-ին, հիշեցրեց դիվանագետը, Վիլնուսում կայացավ Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: «Արձանագրության մեջ, որը ստորագրվել է Վիլնուսում, մենք թվարկել ենք 11 ոլորտներ, որոնց ուղղությամբ աշխատելու ենք 2016 թ.»,-նշեց Պետրիկասը:
Դիվանագետի լավատեսական տրամադրվածությանը նպաստել են նաեւ բիզնեսի ներկայացուցիչների պատվիրակությունների այցերը: «Հայաստան այցելած ամենաուժեղ պատվիրակությունը Լիտվայի Աշխատանքի ու արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Բերգեսի ղեկավարած պատվիրակությունն էր: Նա 20 գործարարների հետ միասին 2015 թ. մարտին ժամանեց Հայաստան ու տեսավ մեր տնտեսական համագործակցության շատ մեծ ներուժը»,- գոհունակությամբ հավելեց Էրիկաս Պետրիկասը: