Վենեսուելայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը սկանդալով է սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի ազգային ասամբլեայի առաջին նիստը, որում ընդդիմությունը վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ ձայների մեծամասնություն էր ստացել, առանց սկանդալի չի ընթացել. Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության (ՎՄՍԿ) պատգամավորներն ընդդիմադիր Ժողովրդավարական միասնության բլոկի (ԺՄԴ) ներկայացուցիչներին մեղադրել են կանոնակարգը խախտելու համար եւ լքել են օրենսդիր մարմնի ղեկավարության երդման արարողությունը: Ավելի վաղ խորհրդարանի նոր նախագահ էր ընտրվել հայտնի ընդդիմադիր, «Ժողովրդավարական գործողություն» կուսակցության գլխավոր քարտուղար 72-ամյա Էնրի Ռամոս Ալլուպը:
Նոր նախագահի ելույթի առանցքային կետերից մեկը նրա հայտարարությունն էր այնպիսի մեխանիզմի մշակման մասին, որը թույլ կտա փոխել Մադուրոյի ղեկավարած գործադիր իշխանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Վենեսուելան «ներքաշվել է առանց պայմանների պատերազմի մեջ», որի նպատակն է «ոչնչացնել հայրենիքի բոլոր հիմքերը»:
2015-ի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որտեղ միապալատ խորհրդարանում ԺՄԲ-ն ստացել էր 167 ձայնից 109-ը, երեք մանդատ բաժին է հասել տեղաբնիկների ներկայացուցիչներին, որոնց Չավեսի հետեւորդներն իրենց կողմնակիցն են համարում: Մադուրոյի ղեկավարած ՎՄՍԿ-ն 55 տեղ է ստացել` 41 տեղ պակաս, քան նախորդ գումարման խորհրդարանում:



