Մերկելն անհրաժեշտ Է համարել արտաքսել հանցագործություն կատարած ներգաղթյալներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պետք է մեկ անգամ եւս քննի այն օտարերկրացիների արտաքսման հնարավորության հարցը, որոնք դատապարտվել են հանցագործությունների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գերմանիայի կառավարության ղեկավարի հայտարարությունը դարձել է Ամանորի գիշերը Քյոլնում կանանց վրա կատարված մի շարք զանգվածային հարձակումների արձագանքը: Ոստիկանությունն արդեն հարյուրից ավելի դիմումներ է ստացել կողոպուտներից ու սեռական ոտնձգություններից տուժածներից:
«Գերմանիան չի հանդուրժի նման զազրելի հանցագործություններ: Պատկերացրեք՝ ինչ են զգացել անպաշտպան, կամայականությունների զոհ դարձած կանայք: Անձամբ ինձ համար դա անթույլատրելի է»,- ասել է Մերկելը:
Կանցլերի խոսքով՝ իշխանությունները վերստին պետք է ուսումնասիրեն Գերմանիայից արտաքսման հարցը, որպեսզի հստակ ազդանշան ուղարկվի նրանց, ովքեր մտադիր չեն կատարել երկրի օրենքները:
Ավելի վաղ Գերմանիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ փախստականի կարգավիճակ ստանալու դիմումներ ներկայացրած բոլոր այն փախստականները, որոնք մեղսակից են հարձակումներին, արտաքսվելու են երկրից:
Ամանորի գիշերը կանանց վրա հարձակումների միջադեպեր են գրանցվել նաեւ Ֆինլանդիայում եւ Շվեյցարիայում:



