Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չեմ ուզում պապան մեզ վերևից նայի, ուզում եմ՝ տուն գա». Նռնականետորդ Գարիկ Սայադյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գարիկի հետ ծանոթացել ենք Բարձրունի գյուղում: Ծնունդով այնտեղից եմ, իսկ Գարիկն էլ եկել ու տատիկի տանն էր մնում: Առաջին հայացքից սիրահարվել է ինձ: Սկսեցինք ընկերություն անել, նշանվեցինք ու ամուսնացանք: Տասը տարի ամուսնացած ենք եղել, դրանք իմ կյանքի լավագույն՝ երջանիկ ու անհոգ տարիներն էին: Գարիկը նվիրված էր ընտանիքին, հոգատար հայր էր, բառերը չեն հերիքի նրան նկարագրելու համար: Ընկերասեր էր, աշխատասեր, յուրահատուկ մարդ էր, Գարիկին ճանաչողները շատ են ափսոսում նրա ֆիզիկական բացակայության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կինը՝ Մելինեն:

Ամուսնությունից հետո Գարիկը պայմանագրային զինծառայության է անցնում Վայքի զորամասում, որտեղ էլ ծառայում է 10 տարուց ավելի: «Սկզբում շատերս դեմ էինք, ասում էինք՝ ամսվա մեջ 15 օր տանը չես լինելու, բայց որոշել էր պայմանագրային զինվորական դառնալ և իր որոշումից հետ չկանգնեց: 2010 թ.-ից սկսվեց իր պայմանագրային ծառայությունը»,-նշում է զրուցակիցս:

Կնոջ խոսքով, ամուսինը քչախոս էր դառնում ծառայությանը վերաբերող հարցերում, չէր սիրում շատ պատմել, թե ինչպես է անցնում ծառայությունը, ինչ են անում: Մելինեն ասում է՝ շատ տղաների ընտանիքներ կարողանում են պատմել, թե ինչպես է անցել իրենց որդիների կամ ամուսինների դիրքային ծառայությունը, որովհետև շատերը տանը կիսվել են ինչ-որ պատմություններով, մինչդեռ Գարիկն այս հարցերում լռակյաց էր: «Զանգահարում էր, ձայնը լսում էի, գիտեի, որ իր հետ ամեն ինչ կարգին է, դա ինձ բավարար էր: Նվիրված ծառայող էր, մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր գործին, այն օրերին, երբ արդեն պետք է դիրքեր բարձրանային, ամեն մանրուքի ուշադրություն էր դարձնում, ամեն ինչ պետք է պատրաստ լիներ՝ հագուստից մինչև տարրական այլ իրեր: Սիրով էր ծառայում»:

2020 թվական, սեպտեմբերի 27: «Այդ ժամանակ Բարձրունիի դիրքերում էր, բարձրացել էր սեպտեմբերի 18-ին: Երբ սկսվեց պատերազմը, տագնապ հայտարարեցին, տղաները դիրքերում էին մինչև հոկտեմբերի 9-ը, այդ ընթացքում տուն չեկավ, իրեն չտեսանք: Հոկտեմբերի 9-ին իմացանք, որ տղաներին դիրքերից իջեցնում են ու տանեն Արցախ: Նախ՝ շատ զարմացանք, քանի որ սահմանամերձ գոտի ենք համարվում, հարց առաջացավ՝ ինչո՞ւ են մեր դիրքերից տղաներին իջեցնում: Այդ օրը մի քանի անգամ զանգահարեցի իրեն, անհասանելի էր, հետո պատասխանեց, հարցրի՝ Գա՛ր, դու էլ ես գնո՞ւմ: Պատասխանեց՝ ոչ, ու անջատեց հեռախոսը: Որոշ ժամանակ հետո արդեն իմացա, որ ինքն էլ է գնում Արցախ: Սկսեցի հագուստ պատրաստել իր համար, ամեն ինչ գնեցի այն մտքով, որ տուն կգա, հետո նոր կգնա: Բայց տուն չեկավ, զանգեց՝ գնում ենք, տուն գալ չեմ կարող, թույլ չեն տալիս: Ու գնացին: Վայքի գումարտակը՝ հրամանատարները, զինծառայողները մեկնեցին Արցախ:

Իրենք եղել են Ջրականի դիրքերում: Բավականին թեժ մարտեր են եղել: Հոկտեմբերի 10-ին, 11-ին մեկական անգամ ձայնը լսել եմ, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Հոկտեմբերի 12-ին երկու անգամ զանգեց, ձայնը շատ հանգիստ էր, ես սկսեցի լաց լինել՝ Գա՛ր, երբ երկու քայլ առաջ ես գնում, մեկ քայլ հետ գնա, երեխեքիդ մենակ չթողնես: Ու հենց այդ պահին իմ ներսում ինչ-որ բան «պոկվեց», թե ինչո՞ւ նման բան ասացի: Գարիկն ասաց՝ ապահով ենք, ամեն ինչ նորմալ է մեր մոտ, նման բաներ էլ չխոսես, դու մենակ երեխեքիս լավ նայի: Ու էլ չզանգեց: Հոկտեմբերի 13-ին զորքը վերադարձավ: Ավտոբուսները տարբեր ժամերի գալիս էին, մինչև վերջին մեքենան սպասել ենք: Իմ եղբայրը, իր հորեղբոր տղան վերադարձան, իրեն փնտրել էին, բայց չէին գտել:

Ամեն մեկը մտածել է, որ կապ չի եղել, գուցե մյուս մեքենայի մեջ է, իրենից տեղեկություն չեն ունեցել: Իր ընկերներից երկուսը եկան մեր տուն, թե Գարիկն ապահով տեղում է, մի անհանգստացեք, շուտով կգա: Բայց իրենից որևէ լուր չէինք կարողանում ստանալ ու սկսեցինք փնտրել: Ամենուր փնտրում էինք, առաջին հերթին հիվանդանոցներում, բայց 5-6 օր հետո դիահերձարանում «գտանք»: Թիկունքից մի փոքրիկ բեկոր էր վնասել իրեն, և զոհվել էր: Հետո տղաները պատմեցին՝ պատերազմական օրերին ԱԹՍ-ն հարվածում է, բեկորը դիպչում է Գարիկի զրահաբաճկոնին, պատռում այն, փամփուշտների «մագազինը» մեջտեղից կիսվում է, իսկ փամփուշտները՝ կախվում: Տղաներն են նկատում, Գարիկն էլ զրահաբաճկոնը հանում է, ասում՝ տանելու եմ տուն, պահեմ, իմ կյանքը փրկել է: Պատերազմի դաշտից դա եկավ ու ինձ հասավ՝ որպես հուշ իրենից»: Գարիկը և Մելինեն երկու երեխա ունեն, նրանց որդին ծնվել է 2010 թ.-ին, իսկ 8 տարի անց՝ նրանց դուստրը: «Գարիկն այնքան էր սպասում մեր աղջկա ծնունդին, Էլենն իր համար մի ուրիշ աշխարհ էր: Մինչև հիմա էլ մեր աղջիկը համարում է, որ հայրիկն աշխատանքի է, դիրքերում է, սպասում է, թե երբ պետք է դուռը բացի ու ներս մտնի:

Ծննդյան օրն ինձ հարցրեց՝ մա՛մ, պապան իմ ծնունդին էլի չի գալո՞ւ: Ամեն ինչ իրեն այսպես եմ ներկայացրել՝ պապան աստղ է դարձել ու երկնքից հետևում է մեզ, երբ լույսի շողերը պատուհանից ներս են ընկնում, Էլե՛նս, իմացիր, որ պապան է քեզ տաքացնում: Իսկ Էլենս ուղղակի պատասխանում է՝ չեմ ուզում մեզ վերևից նայի, ուզում եմ՝ տուն գա: Ինչի՞ իմ ծնունդին չի գալիս, ինձ չի սիրո՞ւմ, որ չի գալիս: Էրիկս ավելի լռակյաց է, մեկ էլ կարող եմ տեսնել, որ պառկել է անկողնում ու լաց է լինում՝ պապային եմ կարոտել: Դպրոցից տուն է գալիս, մեկ էլ կարող է ասել՝ ինչո՞ւ պապան տանը չի: Ավելի մեծ է, ամեն ինչ հասկանում է: Ասում եմ՝ Էրի՛կ ջան, գիտես, թե ինչու պապան տանը չի: «Հա, գիտեմ, բայց կարոտել եմ, ուզում եմ գա»: Հաճախակի ենք Գարիկին այցի գնում, մի քանի օր առաջ տուն եկավ՝ մա՛մ, կգա՞ս, գնանք պապայի մոտ, կարոտել եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, որ երեխաների համար գոնե ցավը մեղմանա:

Կարող են խաղալ, ծիծաղել, մեկ էլ մի պահ հիշում են հայրիկի հետ կապված ինչ-որ դրվագ, ու ամեն ինչ մի ակնթարթում փոխվում է»: Ու այսպես բոլորս ենք ապրում՝ ուրախ ու տխուր օրերի ու ակնթարթների ճամփաբաժանին: «Երբ Գարիկը զոհվեց, շատ էի խեղճացել, թևաթափ եղել, օր ու գիշեր մի հարցի մասին էի մտածում՝ լավ, ես ո՞նց կապրեմ առանց Գարիկի: Ամիսներ շարունակ այս հարցն էի ինքս ինձ տալիս ու լաց լինում Գարիկի համար: Հետո սթափվեցի՝ այսպես չի կարելի, երեխաներ ունեմ, պետք է իրենց մասին մտածեմ, շարունակում եմ ապրել հանուն մեր երեխաների: Օրերն անցան, հետո տարիները, սա չի նշանակում, որ որևէ բան մոռանալու ենք, ցավը՝ սրտումս, բայց մեծ հպարտությամբ եմ ապրում, որ հերոսի կին եմ:

Երբեք գլուխս կախ չեմ քայլելու: Մեծ ուժ նաև դա է տալիս, ասում եմ՝ հերոսի կին եմ, ու քայլում եմ առաջ: Եթե խեղճանամ, առաջին հերթին իմ երեխաներին եմ վնասելու: Դրա համար որոշեցի ապրել, նախ երեխաներիս, հետո իմ ու Գարիկի համար, որ իր պատիվը բարձր պահեմ»: Զրույցի վերջում, երբ խնդրում եմ Մելինեին նկարներ ուղարկել, ասում է՝ Գարիկը նկարվել չէր սիրում. «Տասը տարվա ամուսիններ ենք, ընդամենը մի քանի նկար ունենք, որտեղ երկուսով ենք, նկարվել չէր սիրում, մենք էլ ուղղակի կարևորություն չէինք տալիս համատեղ լուսանկարներ ունենալուն: Բայց արի ու տես, որ այսօր նկարն այնքան թանկ բան դարձավ»:

Հ. Գ. - Նռնականետորդ Գարիկ Սայադյանն անբասիր ծառայության համար դեռևս պայմանագրային զինծառայության տարիներին արժանացել է պատվոգրերի, «Ծովակալ Իսակովի» մեդալի, իսկ հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի: Հուղարկավորված է հայրենի Ջերմուկ քաղաքի պանթեոնում: Գարիկ Սայադյանի ընտանիքի անունից Վայքում նրա և բոլոր զոհված տղաների հիշատակին հուշաքար է տեղադրվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան