Վրացի զինվորականները ժամանել են Աֆղանստան՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» առաքելությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրացի զինծառայողները ժամանել են Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաք՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» (Resolute Support) խաղաղարար առաքելությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վրացի զինծառայողները 2015 թվականի հունվարից մասնակցում են «Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելությանը եւ ուսուցանում ու օգնություն են ցուցաբերում Աֆղանստանի կառավարական ուժերին: Վրաստանի զինված ուժերի երրորդ հետեւակային բրիգադի 32-րդ գումարտակի «Բրավո» վաշտի զինվորականների ճանապարհումը Մազարի Շարիֆ տեղի Է ունեցել մի քանի օր առաջ Վազիանի (Թբիլիսիի արվարձան) ռազմակայանում:
«32-րդ գումարտակի «Բրավո» վաշտը ժամանել Է Մազարի Շարիֆ, որտեղ կփոխարինի նույն այդ գումարտակի «Ալֆա» վաշտին, հաջորդ յոթ ամսվա ընթացքում կմասնակցի «Վճռական աջակցություն» առաքելությանը եւ կկատարի արագ արձագանքման առաջադրանքներ»,-ասել Է վաշտի հրամանատար Լեւան Շուբիտիձեն:
Վրացի զինվորականները ծառայությունը կրելու են գերմանական զորախմբի կազմում: Նրանց պարտականությունները ներառելու են արագ արձագանքման առաջադրանքները, ինչպես նաեւ «Մարմալ» ռազմակայանի անվտանգության ապահովումը:



