Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սա դաժան ցավ է, թող էլ պատերազմներ չլինեն, ոչ մի ծնող նման ցավ չտեսնի». ավագ հրաձիգ Արսեն Արևշատյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել» ինն ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշխույժ, շատ աշխատասեր երեխա էր Արսենը: Փոքր տարիքից էր այդպիսին, միշտ բոլորին օգնության էր հասնում: Ապրում էին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում»,-«Փաստի» հետ զրույցում Արսենի մանկությունն է վերհիշում նրա հորեղբոր կինը՝ տիկին Լիանան:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին մինչև 8-9-րդ դասարանն Արսենը գերազանց առաջադիմություն է ունեցել: «Տարբեր խմբակների է հաճախել, այդ թվում՝ ֆուտբոլի և կարատեի: Սպորտն իր կյանքի անբաժան մասն էր: Դպրոցն ավարտեց, ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության բաժինը: Շատ լավ էր մաթեմատիկայից, սիրում էր և սովորում այդ առարկան, սուր միտք ուներ»: Բայց, ավաղ, Արսենն ուսանող լինել չի հասցնում, զորակոչվում է զինծառայության: Զրուցակիցս է պատմում՝ զինվորական ծառայության հանդեպ Արսենի տրամադրվածությունը շատ լավ էր: «Կարծես շտապում էր, ասում էր՝ շուտ գնամ, ծառայեմ ու վերադառնամ: Մի ամիս շուտ գնամ, մի ամիս շուտ կգամ: Ուրախ մեկնել է ծառայության, մենք էլ իրեն շատ հանգիստ ենք ճանապարհել: Այդ ժամանակ վախեր չկային, երբ տղաները բանակ էին զորակոչվում»: Արսենը զորակոչվել է ծառայության 2020 թ. հուլիսի 29-ին: Ծառայությունն անցնում էր Ջրականում: Տիկին Լիանան ասում է՝ Արսենը երկու ամիս հասցրեց զինվոր լինել, շատ գոհ էր ծառայությունից:

«Զանգում էր մայրիկին ու հայրիկին, նաև մեզ հետ զրուցում: Իր խոսքերն էին՝ ամեն ինչ շատ լավ է: Որևէ դժգոհություն չի ունեցել: Բայց հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը»: Սեպտեմբերի 27-ն էր: «Պատերազմի սկսվելու օրը իր հետ կապ ունեցել ենք: Մայրիկի հետ է խոսել: Ես էլ եմ իրեն նամակ գրել: Մինչև հիմա պահում եմ այդ նամակները: Գրեցի՝ ի՞նչ կա, ո՞նց ես, պատասխանեց՝ մեր մոտ շատ լավ է, ընտիր: Իհարկե, պատերազմից հետո, երբ սկսեցինք պատկերացում կազմել այն օրերի մասին, հասկացանք, որ ոչ մի «ընտիր» բան Ջրականում լինել չէր կարող: Պատերազմի օրերին Արսենը զանգում էր, ձայնը լսում էինք, չէր ասում, թե կոնկրետ որտեղ է: Հետո իմացանք, որ իրենց մի տեղից մյուսն են տեղափոխել: Արսենը եղել է այն 300 հոգանոց խմբում, որը տեղափոխել էին Հադրութի դպրոց: Մինչև հիմա քննություն ու դատավարություն է ընթանում այդ օրերի իրադարձությունների մասին: Արսենը զոհվել է հոկտեմբերի 12-ին: Տղաները խմբերի են բաժանվել, ամեն խումբը մի կողմ է գնացել: Նրանք պարբերաբար հանդիպել են թուրքական յաշմային, դիմագրավել թշնամու դիվերսիոն խմբերին, պայքարել, կռվել ու զոհվել:

Մնացել են մի քանի հոգով ու կրկին հանդիպել թշնամուն»: Շատ տեղեկություններ Արսենի զոհվելու հանգամանքների և այլ փաստերի վերաբերյալ ընտանիքը սեփական ուժերով է հայթայթել: Հորեղբայրն է այդ օրերին մեկնել Արցախ, օրեր շարունակ մնացել այնտեղ և կարողացել ինֆորմացիա կուտակել: Տիկին Լիանան ասում է՝ Հայաստանում համապատասխան գերատեսչություններից որևէ մեկը որևէ կոնկրետ ինֆորմացիա ընտանիքին չէր հայտնում: Եվ հիմա, երբ ունեն Արսենի անցած մարտական ուղին՝ ամրագրված թղթի վրա, կարողանում են պատկերացում կազմել, թե որտեղ է եղել իրենց տղան, ինչպիսի ճանապարհ է անցել, ինչպես է զոհվել: Վստահաբար կարելի է ասել, որ երկէջանոց թուղթը անգամ մեկ տոկոսով չի պատմում Արսենի 16-օրյա պայքարի մասին: Բայց մարտական ուղին կարևոր փաստեր է արձանագրել. «2020 թ. սեպտեմբերի 27-ին շարքային Ա. Արևշատյանը ստորաբաժանման կազմով անցել է պաշտպանության Դ-30 հրետանային դիտակետի տեղամասում, որտեղ անմիջական մասնակցություն է ունեցել 200 ՀԴԿ-ի շրջանում իրականացվող հակագրոհին, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ»:

Հոկտեմբերի 2-ին թշնամին երեք ուղղություններով իրականացրել էր դիվերսիոն խմբերի ներթափանցում, մեր տղաները դրանք ջախջախել և հետ են շպրտել, սակայն հակառակորդի կողմից ականանետի կրակի հետևանքով Արսենի համածառայակից ընկերներից մի քանիսը զոհվել և վիրավորվել են: Ընկերներին մարտի դաշտից դուրս բերելուց հետո ստորաբաժանումը նահանջ է կատարել և անցել պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասում: «Հոկտեմբերի 3-ից 4-ը անցել են պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասից դեպի «Թոզարան» տանող թմբին, որտեղ հակառակորդի կողմից նախաձեռնվել է մասշտաբային հարձակում»:

Գումարտակը մարտի է բռնվում թշնամու հետ՝ պատճառելով նրան զրահատեխնիկայի, ավտոտեխնիկայի և անձնակազմի կորուստներ: Ուժերի անհավասարության պատճառով տղաները նահանջ են կատարում դեպի 9-րդ կմ կոչվող տեղամաս՝ վերախմբավորում կատարելու նպատակով: «Հոկտեմբերի 5-ից 6-ը իրականացրել են պաշտպանություն «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում, որտեղ Արսենն իր դասակի հրամանատարի և ծառայակիցների հետ գտնվել է շրջափակման մեջ: Այդ ընթացքում մարտի են բռնվել դիվերսիոն խմբերի հետ, թշնամուն մեծաքանակ կորուստներ պատճառել: Հոկտեմբերի 7-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք, տեղակայվել դպրոցում՝ կրկին վերախմբավորման նպատակով»: Տղաները հոկտեմբերի 9-ին անցել են պաշտպանության Հադրութի «Խորհատ սար» տեղանքում: Հոկտեմբերի 10-ին կրկին մարտի են բռնվել հակառակորդի հերթական դիվերսիոն խմբերի հետ՝ նրանց զգալի կորուստներ պատճառելով:

«Անձնակազմին նպաստավոր բնագիծ տեղափոխելու ճանապարհին նորից մարտի մեջ են մտնում դիվերսիոն խմբերի հետ, ստիպված լինում այլ ճանապարհով նահանջ կատարել, Վանք գյուղի հատվածում կրկին մարտի մեջ մտնում դիվերսիոն խմբերի հետ»: Այդ ժամանակ զոհվում է Արսենի հրամանատարը, և անձնակազմը ծանր մարտերից հետո ստիպված է լինում պատսպարվել Վանքի բնակելի տներից մեկում: Հաջորդ օրը Արսենն իր 12 ծառայակից ընկերների հետ ինքնակազմակերպվում են և որոշում գնալ Թաղասեր գյուղ և այնուհետև դուրս գալ Հադրութ քաղաքից: «Թաղասեր գյուղի վերևի հատվածում նկատում են Կամազ մակնիշի մեքենան, մոտակայքում զոհեր են լինում: Այդտեղ տղաները կրկին մարտի են բռնվում հակառակորդի դիվերսիոն խմբերի հետ, Արսենը վիրավոր համածառայակցին փրկելու ժամանակ զոհվում է»: Սրանք ընթերցողի աչքին «չոր» փաստեր են, իսկ իրականում հայրենիքի ու նաև սեփական կյանքի համար մղվող պայքարի դրվագներ, ավաղ, ոչ դրական արդյունքով: Օրեր տևած պայքարից հետո Արսենի տուն «վերադարձը» ևս երկար է տևում՝ զոհվելուց ինն ամիս անց:

«2021 թ. հուլիսն էր, այդ ժամանակ արդեն ԴՆԹ-ով հաստատվել էր, որ Արսենի մասունքներն են, որ Արսենը զոհվել է: Մինչ այդ ծնողները մեծ հույս ունեին, որ նա ողջ է, վերադառնալու է, քանի որ հակառակը փաստող տվյալներ չունեին: Մտածում էին անգամ, որ գուցե գերեվարվել է: Սպասման ռեժիմում էինք ապրում»: Արսենը երեք եղբայրներից ավագն էր: Նրա զոհվելուց հետո՝ 2022 թ. սեպտեմբերի 21-ին ծնվեց Արսենի ամենակրտսեր եղբայրը, որն ավագ եղբոր անունն է կրում: Զրուցակիցս ասում է՝ Արսենի ծնողներին ուժ են փոխանցում իրենց երեխաները, հատկապես փոքրիկ տղան: «Արսենից հետո շատ դժվար շրջան էր, մայրիկը որոշեց կրկին մայրանալ: Հիմա փոքրիկ Արսենն իրենով լցրել է բոլորիս կյանքը, մեր տունը: Սա դաժան ցավ է, թող մեր երկիրը խաղաղ լինի, պատերազմներ չլինեն, ոչ մի ծնող նման ցավ չտեսնի»:

Հ. Գ. - Ավագ հրաձիգ, շարքային Արսեն Արևշատյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորվել է հայրենի Արծվանիստում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ