Կահիրեն խստացնում է ահաբեկիչների խորհրդանիշերի տարածման համար պատիժը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի կառավարությունը հունվարի 13-ին հավանության է արժանացրել երկրի Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որն արգելում է ահաբեկչության հետ կապ ունեցող ցանկացած խորհրդանիշի տարածումն ու ցուցադրությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al-Youm Al-Sabi կայքը:
ՔՕ-ի նոր հոդվածը խորհրդարանի դիտարկմանն էր ներկայացրել նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին: Այն նախատեսում է ազատազրկում եւ 10-30 հազար եգիպտական ֆունտի չափով (1.300-3.800 դոլար) տուգանք:
Պատիժ է սպառնում, մասնավորապես, նրանց, ովքեր ձեռք են բերում, տպագրում, տարածում, ցուցադրում կամ արտերկրից ներկրում են ահաբեկչական կառույցների սատարող եւ քարոզող պաստառներ, թռուցիկներ, լուսանկարեր եւ նույնիսկ ձեռքով արված նկարներ: Քրեական օրենսգրքում կոնկրետ խորհրդանիշ առայժմ չի նշվում, որի համար հնարավոր է բանտ ընկնել կամ տուգանք վճարել: Ծրագրվում է դա անել առանձին որոշմամբ:



