Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սամվելը «գնացել է» հանուն վեհ գաղափարի, սա մեզ հպարտություն է փոխանցում, չնայած երբեք չի մեղմացնելու մեր ցավը». կապիտան Սամվել Մատինյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Ննգի գյուղում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սամվելը երկու քույրերի կրտսեր եղբայրն է: Սպասված էր նրա ծնունդը մեր ընտանիքում: Ինչպես սպասում էինք, որ իր ծնվելով լույս և ուրախություն է մեր տուն գալու, այդպես էլ եղավ: Շատ ակտիվ էր, սիրված, անընդհատ ուշադրության կենտրոնում և չափից դուրս բարի ու խղճով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Սամվելի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում շատ լավ էր սովորում: «Նրա սերը ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանդեպ էր: Բուհ ընդունվելու և բարձրագույն կրթություն ստանալու համար Սամվելը դիմեց ԵՊՀ ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժին, ընդունվեց, զուգահեռ դիմել էր նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, կրկին ընդունվել էր: Երկուսի միջև ընտրություն կատարելիս ընտրեց ռազմական համալսարանը: Ռազմական գործի հանդեպ սերն ի հայտ եկավ վերջին դասարաններում, երբ ուսումնասիրում էին «Ռազմագիտություն» առարկան: Այնքան լավ էր հանձնել քննությունները, այնքան ճիշտ էր կատարել իր չափագրումները, որ իրեն ընտրել էին որպես հրետանավոր»: Երբ հարցնում եմ անհանգստությունների մասին, տիկին Գայանեն արձագանքում է՝ որդու սովորելու տարիներին դեռ պատերազմի մասին խոսք անգամ չկար, տեղային և այլ բնույթի մարտեր ևս չկային:

«Երբ ընդունվել էր, այդ պահին շատ ուրախացանք, բայց իրեն շատ դժվար ենք ճանապարհել: Երբ տնից գնում էր, սարսափելի դժվար էր: Մի քանի օր մեզ չենք «հավաքել»: Իրեն տեսանք քառասուն օր հետո՝ երդմնակալության արարողությանը: Ինչպիսի հանդիպում էր՝ և՛ մենք էինք լաց լինում, և՛ Սամվելը»: Ռազմական համալսարանում սովորելու երրորդ տարում՝ 2016 թ.-ին, Սամվելը պրակտիկայի է մեկնում Արցախ՝ Մեխակավան (Ջաբրայիլ): «Իրենք տեղ էին հասել, և գիշերը պատերազմը սկսվել էր: Այդ ժամանակ հենց Ջաբրայիլում էին եղել: Պատերազմի ավարտից հետո բարձրացել էին հենց այն նույն դիրքերը, որտեղից կռիվը սկսվել էր: Չգիտեմ՝ սպաների վերաբերմունքն էր հավանել, թե տեղանքը, բայց, երբ համալսարանն ավարտելիս ասել էին, որ կարող են Արցախում առաջնային սահմանագծում զորամասեր ընտրել և այնտեղ ծառայել, չէր մասնակցել վիճակահանությանը, գրել էր, որ ուզում է գնալ Մեխակավան»:

Լեյտենանտ Սամվել Մատինյանն ուղևորվում է Արցախ: Ծառայության ընթացքում ստանում է ավագ լեյտենանտի, իսկ լավ ծառայության համար վաղաժամկետ շնորհում են կապիտանի կոչում: Մայրիկն ասում է՝ որդին մի սահմանից՝ իր ծննդավայր Այգեհովիտից գնացել է մեկ այլ սահման: «Երբ արձակուրդների ժամանակ իր ընկերների հետ գալիս էր մեր տուն, միանգամից հասկանում էիր, թե որքան սիրված ու ընդունված է Սամվելը: Որոշ ժամանակ ծառայելուց հետո Սամվելն ինձ տարավ իր մոտ, այնտեղ որպես բուժքույր էի աշխատում: Մի տարի այնտեղ իր հետ ապրել եմ, պատերազմից կես տարի առաջ վերադարձել: Մեխակավանում հիմնականում ապրում էր սպայական կազմն ընտանիքներով: Կային խանութներ, վարսավիրանոցներ: Մի անգամ խանութում առևտուր էի անում, խանութպանը հարցրեց՝ կներեք, դուք անծանոթ եք, ո՞վ եք: Պատասխանեցի՝ Մատինյան Սամվելի մայրն եմ: «Որքան շնորհակալ ենք, որ այսքան լավ տղա եք դաստիարակել ու ճանապարհել մեզ մոտ: Մեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի ընտանիք ունի նա»:

Նույնը նաև ասաց իրենց գնդի հրամանատարը: 2020 թ. հունվարի 1-ին իր հրամանատարի հետ եկել էին մեր տուն: Նա ասաց՝ միշտ ուզում էի գալ ձեր տուն, ծանոթանալ ձեզ հետ, հասկանալ, թե ինչ ընտանիքից է դուրս եկել Սամվելը, որ այսքան լավն է: Իր ընկերները, սպայական կազմը, հրամանատարներն ամեն տարի Սամվելի համար կարևոր՝ իր ծննդյան, հիշատակի օրերին, և ոչ միայն, մեր տուն են գալիս: Ընտանիքներով բարեկամացել ենք: Այնքան մտերմիկ երեկոներ ենք ունենում, ամեն ինչ այնքան լուսավոր է լինում, անգամ տխրությունը»: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Սամվելը Մեխակավանում էր: Մայրիկի խոսքով, առաջինը նրանց դիրքերի վրա են հարձակվել:

«Իր հրամանատարը, որը Սամվելին որդու, եղբոր, ընկերոջ պես է սիրում, հետագայում պատմեց՝ հարձակում է եղել իրենց դիրքերի վրա, Սամվելն իր մի քանի զինվորի հետ շրջափակման մեջ են հայտնվել. «Աղոթում էի, որ կարողանան դուրս գալ: Երկնքից կրակ էր թափվում: Մի քանի ժամ հետո ծխի, կրակի միջից Սամվելն իր զինվորների հետ դուրս եկավ, կարծես Աստված ինձ օրհնեց, կարծես իմ մի քանի տարի կորած հարազատին գտած լինեի»»: Տիկին Գայանեն ասում է, որ երբ հարակից վաշտերի հրամանատարներ են զոհվել, այդ վաշտերի տղաները միացել են Սամվելենց, և նա եղել է այդ ամբողջ մարտկոցի՝ 102 հոգու հրամանատարը: «Մեկ վիրավոր են ունեցել, որի վիրավորվելուց անմիջապես հետո տարել է բուժկետ, վիրակապել են, մի քանի օր մնացել է այնտեղ ու վերադարձել: Ասում են, որ բոլորին խիստ հանձնարարություն է տվել՝ կասկան գլխներից չհանել անգամ քնելուց: Իսկ ամենածանր պահերին նաև կատակներ է արել, ոգևորել տղաներին, նշում են՝ մեր ուրախությունն էր: Հատուկ հանձնարարությամբ մեկ զինվորի հետ նաև գնացել է արդեն թշնամու տիրապետության տակ անցած հատված, այնտեղ ավարտել իր գործողությունը և վերադարձել: Իր հրամանատարը՝ Խաչիկը, ասում է՝ երբ գնում էր, այնքան պինդ գրկեցի իրեն, վախ կար, որ կարող է հետ չգալ, աղոթում էի, որ հետ գար ու եկավ»:

Հոկտեմբերի 29-ին Սամվելը կարողանում է տուն գալ: Մայրիկը վերհիշում է՝ անասելի ծանր էին տրվում այն զրույցները, երբ հայտնում էր ընկերների՝ Լևոնի, Հարութի, Արմենի զոհվելու լուրերը: «Ինձ ասաց, որ Արմենը զոհվել է, «պիտի գամ, որ իրեն հրաժեշտ տամ»: Ու եկավ: Հողին հանձնեց իր ընկերոջը: Գիշերով տղաների համար անհրաժեշտ ամեն ինչ գնեց՝ հագուստ, ուտելիք, ծխախոտ: Հոկտեմբերի 30-ին առավոտ շուտ մեկնեց՝ «երեխեքը ինձ են սպասում, Խաչոյին մենակ եմ թողել, խոսք եմ տվել, որ շուտ եմ հասնելու»: Նոյեմբերի 1-ի գիշերը, երբ օրը փոխվում է, տեղ էր հասել»: Նոյեմբերի 2-ին Սամվելը զոհվում է Մարտունու շրջանի Ննգի գյուղում: Արկի մի փոքրիկ բեկոր դիպչում է նրա գլխին՝ զարկերակին, վայրկյանները վճռում են ամեն ինչ: Տղաները շտապում են բժշկի մոտ հասցնել Սամվելին, բայց ամեն ինչ անօգուտ է լինում: Տիկին Գայանեն հիշում է՝ երբ Սամվելը վերադառնում էր մարտի դաշտ, քույրը խնդրում է. «Սա՛մ, հանկարծ կասկադ գլխիցդ չհանես»:

«Նախքան պատերազմը քույրիկից Հայաստանի զինանշանով գլխարկ և վերնահագուստ էր խնդրել, պատվիրել էինք, սակայն, բնական է, պատերազմի պատճառով իրեն չէին հասել: Այդ օրը մեկնելիս հագավ այդ շապիկն ու գլխարկը և գնաց: Դեպքի օրն այդ հագուստով է եղել, հետո այդ շորերն ուղարկեցին մեզ: Նոյեմբերի 4-ին Սամվելն արդեն «տանն» էր»: Երբ հարցնում եմ Սամվելից հետո ուժ ստանալու աղբյուրի մասին, տիկին Գայանեն արձագանքում է. «Սկզբում թվում էր, թե ուրիշ իրականության մեջ ենք ապրում, երազ է, արթնանալու ենք, ու ամեն ինչ վերջանալու է: Հետո, երբ սկսում ես գիտակցել տեղի ունեցածը, ամենավատ շրջանում ես հայտնվում՝ քո ցավի հետ մենակ ես մնում: Իսկ հետո եկավ այն գիտակցումը, որ Սամվելը «գնացել է» հանուն վեհ գաղափարի: Միշտ եմ ասում՝ երանի նրան, ով «գնալու» է ինչ-որ մեծ գործ, սխրանք կատարած:

Մեր թեմի առաջնորդը՝ Բագրատ սրբազանը, որ մեզ շատ հարազատ մարդ է, և ում դերը շատ մեծ է, որ մենք ավելի խաղաղ և ուժեղ ենք, միշտ ասում է. «Երանի բոլոր այն տղերքին, որոնք գնացին հայրենիքի համար, որովհետև չկա դրանից ավելի մեծ սխրանք: Չկա ուրիշ որևէ մահ, որ կարող է ավելի վեր դասվել, քան երբ քո անձը զոհես հանուն ուրիշ մարդկանց»: Դա մեզ հպարտություն է տալիս, չնայած երբեք չի մեղմացնելու մեր ցավը: Տեսնում ես մարդկանց, որ այնքան մեծ սիրով են խոսում իր մասին, իր զինվորներին, որոնք գրում և հարցնում են, թե կարո՞ղ են ինչ-որ բանով օգտակար լինել մեզ: Նաև սա է մեզ հպարտություն փոխանցում»:

Հ. Գ. - Կապիտան, մարտկոցի հրամանատար, հրետանավոր Սամվել Մատինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Զորավար Անդրանիկ» մեդալներով, արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի թե՛ ծառայության տարիներին, թե՛ հետմահու: Նախքան շրջափակումը Սամվելի ընտանիքն Արցախի Հանրապետությունից տեղեկացել է, որ նա արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի, բայց հայտնի պատճառներով այն Տավուշ՝ Սամվելի ընտանիքին չի հասել: Այդ հարցով Տավուշի մարզպետարանը դիմել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությանը: Սամվելը հուղարկավորված է Այգեհովիտի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը