Էրդողանը «բռանապետի վիժվածք է». կուսակցապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռանպետի վիժվածք» է անվանել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Քըլըչդարօղլուն հայտարարել է CHP հերթական 35-րդ համագումարում ունեցած ելույթում քրդերի հետ խաղաղություն պահանջած 1128 գիտնականների կոչի տակ ստորագրած մտավորականների ձերբակալություններ սկսվելու առնչությամբ:
Քըլըչդարօղլուն ասել է նաեւ, որ Էրդողանը չի հասկանում ինչ բան է «նամուսն ու պատիվը» եւ «չի հասկանում դրանց իմաստը»:
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը անմիջապես «նախագահին հրապարակավ վիրավորելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Քըլըչդարօղլուի դեմ:
Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի (վիրավորանք նախագահին) հատկանիշներով նախագահին վիրավորելու մեջ մեադրվող անձը կարող է դատապարտվել 1-4 տարվա ազատազրկման, իսկ վիրավորանքը հրապարակայնորեն հասցվելու դեպքում` պատժաչափը կարող է մեկ վեցերորդով ավելացվել:



