Լիբիայում աճում է ԻՊ գրոհայինների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փորձում է ամրապնդել իր դիրքերը Լիբիայում, իր հսկողության տակ վերցնել հյուսիսաֆրիկյան այդ երկրի տարածքների մեծ մասը եւ որոշ նավթահանքեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Washington Times թերթը։
Թերթը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության իր անանուն աղբյուրները, գրում է, որ վերջին ամիսներին մեծացել է Լիբիա ուղեւորվող ԻՊ գրոհայինների հոսքը։ «Ակնհայտորեն մեծ աճ կա»,- ասել է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ Լիբիան ԻՊ խմբավորման հաջորդ «թեժ կետն» է լուրջ տարածքներ վերահսկելու առումով։
Ինչպես թերթին հայտնել են այլ պաշտոնական անձինք, Լիբիայում ԻՊ ակտիվացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայում եւ Իրաքում աճում է խմբավորման վրա ճնշումը։ Խոսքը ԻՊ ռազմավարական լուծման մասին է, որը նախատեսում է Լիբիայում Սիրիայի Ռաքքայի նահանգի պես յուրատեսակ հենակետ ստեղծել, ասել է պաշտոնյաներից մեկը։



