Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ կյանքը նման իրավիճակ է ստեղծում, պարտավոր ես հաղթահարել. Իվետա Եդիգարյանը՝ անձնական կյանքի և նոր գործունեության մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը զրուցել է դերասանուհի-երգչուհի Իվետա Եդիգարյանի հետ, ով հեռուստադիտողին առավել ծանոթ է «Վերվարածներ» սերիալից՝ Զիտայի կերպարով: 2016 թվականը նրա համար, կարծեք, թե էկրանային տարի է լինելու, քանի որ վերջին ամիսների ընթացքում դերասանուհին արդեն իսկ նկարահանվել է մեկ ֆիլմում ու ստացել մի քանի առաջարկներ: Սպասվող նորությունների և անձնական կյանքի մասին մանրամասն կարդացեք ստորև:

-Իվետա, այսօր ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Աշխատանքս սկսում է երեկոյան, քանի որ երգում եմ ռեստորաններում: Նաև, վերջերս նկարահանվեցի Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմում, որտեղ իմ մարմնավորած կերպարը, կարծեք, թե որոշ չափով բոլորին ցնցեց: Շատերը մտածում են, թե պետք է խաղաս միայն իդեալական կերպարներ: Սակայն, իմ կարծիքով, դերասանուհին պետք է կարողանա յուրաքանչյուր իրավիճակում իրեն գտնել: Եթե կարողացար հանդիսատեսին, հեռուստադիտողին համոզել, նշանակում է՝ կերպարդ ստացվել ու ասելիքդ տեղ է հասել:

-Հեշտությա՞մբ ընդունեցիք նման հերոսուհու մարմնավորելու առաջարկը: Ի դեպ, կմանրամասնե՞ք Ձեր կերպարը:

-Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկն անմիջապես եմ ընդունել, քանի որ դերասանությունն իմ մասնագիտությունն է: Սիրուհու կերպար եմ ներկայացնում: Հասարակության մեջ, բնականաբար, կան մարդիկ, ովքեր ունեցել են դաժան, դառը մանկություն, նյութական մեծ խնդիրներ: Գալիս է մի տարիք, որ շփվում, ընտրում են այնպիսի մարդկանց, ովքեր իրենց նյութապես կապահովեն: Իմ մարմնավորած կերպարն էլ հանուն փողի լքում է ընկերոջը, ում դերում հանդես է գալիս Գոռ Վարդանյանը: Թողնելով ոստիկանության մայորին՝ կապվում է օլիգարխ դեպուտատի հետ, ով իր հետ անհարգալից է վարվում: Բայց քանի որ նա փոքր ժամանակ շատ նեղություններ է տեսել՝ խոստացված «ոսկե սարերին» հավատում ու թակարդն է ընկնում: Հանուն նյութական բարեկեցության՝ սեփական ինքնասիրությունը մի կողմ է դնում, արդյունքում՝ կործանվում... Մտերիմներս ինձ շատ լավ են ճանաչում, գիտեն, թե ինչպիսին եմ: Կցանկանայի, որ հեռուստադիտողն էլ ճիշտ ընկալեր ու չնույնացներ կերպարն ու կերտողին, մոռանար, որ ես Իվետան եմ ու գնահատեր խաղը: Իհարկե, հասկանում եմ, որ սա մեր հասարակության կողմից այնքան էլ ընդունելի չէ, մեր մենթալիտետին այնքան էլ հարիր չէ, բայց հուսով եմ, որ հեռուստադիտողն առաջնահերթ կգնահատի իմ դերասանական ունակությունները: Ինձ համար նյութականն առաջնահերթ չէ, պետք է հետևել սրտին, զգացմունքներին… Այս դերում պարտադիր պետք է դերասան ներկայանար, քանի որ հարուստ ու հագեցած հոգեբանական տեսարաններ ունի:  

-Ամեն դեպքում, ռիսկային չէ՞ նման կերպարում հանդես գալը: Ինչպես դուք նշեցիք, մարդիկ հաճախ նույնացնում են դերասանին ու նրա մարմնավորած հերոսին:

-Կարծիքները տարբեր են. Շատերն ինձ տեսնելիս ասում են. «էն կինոյի մեջի դեպուտատի սիրածն ա»: Բայց ինձ համար կարևոր են այն կարծիքները, որ հաճախ լսում եմ կամ կարդում ֆեյսբուկի իմ անձնական էջին ուղարկած նամակներում. մարդիկ զարմանում են, որ ինձ այս ամպլուայում են տեսնում և ասում, որ խաղս հրաշալի է ստացվել: Արդեն ավարտվել են նկարահանումները ու պետք է շեշտեմ, որ շատ լավ մթնոլորտ էր, հրաշալի ու պրոֆեսիոնալ անձնակազմ էր հավաքվել:

-Ֆիլմերից, սերիալներից նոր առաջարկներ չունե՞ք:

-Վերջերս սերիալում նկարահանվելու նոր առաջարկ ստացա, սակայն դեռևս փակագծերը չեմ կարող բացել: Միայն կվստահեցնեմ, որ շուտով նորից կհանդիպենք էկրաններին:

-«Շանթ» հեռուստաընկերության հետ նախորդ տարիների համագործակցությո՞ւնն է շարունակվելու, թե՞ մեկ այլ ալիքում կտեսնենք Ձեզ:

-(Ժպտում է) հավանաբար, համագործակցությունս իմ հին ընկերների հետ կլինի՝ «Շանթ» հեռուստաընկերությունում: Նաև, խոսակցություններ կան, որ Հայաստանից դուրս ևս ֆիլմ է նկարահանվելու, սակայն դեռ ամբողջովին չեմ տիրապետում ինֆորմացիային, ոչինչ հստակեցված չէ, այդ պատճառով կլռեմ:

-Կարծեք, թե որոշել եք վերադառնալ մասնագիտական գործունեությանն, այո՞:

-Ճիշտ եք նկատել, ցանկանում եմ այսուհետ լիովին զբաղվել իմ մասնագիտությամբ: Իհարկե, երգել սիրում եմ, հաճույքով եմ ընդունում հրավերները, բայց ինձ առավել շատ դերասանուհի, քան երգչուհի եմ համարում: Ցանկանում եմ տարբեր կերպարներ կերտել, չէ՞ որ դերասանը հենց դրանով է արժեք ստանում: Մինչ օրս իմ կերպարները միմյանց գրեթե չեն կրկնել: Այս ընթացքում ունեցած դադարս ինձ օգնեց լցվել նոր խոսքով, ասելիքով: Կարծում եմ, 2016 թվականն ինձ համար հաջող տարի է լինելու, բազում նոր կերպարներով կհանդիպենք:

-Իվետա, գիտեմ, որ դստրիկ ունեք, հասցնո՞ւմ եք ժամանակ հատկացնել նրան:

-Իհարկե, ցերեկները միայն նրա հետ եմ անցկացնում: Փորձում եմ այնպես անել, որ տարբեր խմբակներ հաճախի՝ երգ, պար, դաշնամուր, որպեսզի զարգանա ու լավ մարդ դառնա: Արդեն 8 տարեկան է աղջիկս:

-Բեմի նկատմամբ սեր ունի՞:

-Շատ է սիրում երգել ու պարել, բայց չգիտեմ ինչ ճանապարհ կընտրի ապագայում: Եթե շնորք ունի, օժտված է այդ տվյալներով՝ չեմ խոչընդոտի, թող զբաղվի իր նախընտրած գործով: Բայց մեկտեղ կցանկանամ, որ տիրապետի լեզուների, նաև՝ այլ մասնագիտություն ձեռք բերի:

-Դուք մի շրջան բնակվում էիք ԱՄՆ-ում, ի՞նչը Ձեզ վերադարձրեց հայրենիք:

-Երկու անգամ նման հնարավորություն ունեցել եմ, սակայն վերադարձա: Ծնողներս ևս Հայաստանում են արդեն, դեկտեմբերի վերջին են եկել: Բայց ասեմ, որ ԱՄՆ քաղաքացի են ու երբ ցանկանան, կարող են ետ գնալ: Ոչինչ չունեմ ասելու, այնտեղ շատ լավ էր բոլոր առումներով, բայց ես այս հողն ու ջուրը սիրում եմ, ինձ «սպանում» էր կարոտը: Ամեն օր Երևանի մասին էի երազում, ինձ մոտ չստացվեց մոռանալ ամեն ինչ: Ճիշտ է, շատ սխալ բաներ են լինում, շատ մարդիկ իրենց տեղում չեն, ավելին՝ ոչ-ոք իր տեղում չի, սովորած մարդը չի կարողանում գործ գտնել, չի գնահատվում, բայց մեկ է, սա իմ հայրենիքն է: Եթե այստեղ կարողանամ զբաղվել իմ մասնագիտությամբ, իմ կինոյով ու արվեստով՝ չեմ կարծում, որ դուրսն ինձ կձգի: Հուսամ, որ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, յուրաքանչյուրն իր գործով կզբաղվի ու նորմալ կվարձատրվի: Կենցաղային խնդիրները մարդկանց փոխում են, չարացնում: Դեմքից ժպիտը վերանում է:

-Փաստորեն, այլևս չեք պատրաստվում մեկնել ԱՄՆ:

-Գիտեք, եթե անկեղծ՝ այնտեղ տեսնում եմ ապագա, աշխատելով՝ կարողանում ես հոգալ քո վաղվա մասին: Գործունյա մարդը գնահատվում է, կարողանում է աշխատել ու վայելել կյանքը: Իսկ այստեղ միայն աշխատում ես ու նույնիսկ չես էլ հասցնում վայելել: Հնարավոր է, որ մի քանի տարի հետո օրինական կարգով գնամ:

-Կարելի է ենթադրել, որ զղջացել եք Հայաստան վերադառնալու համար:

-Չէ, երևի Աստված այդպես կամեցավ: Ես երբեք ոչ-մի բանի համար չեմ զղջում ու չեմ սկսում մտածել, որ այսպես կամ այնպես ավելի ճիշտ կլիներ: Աստված տա, այնքան լավ լինի, որ ոչ-ոք իր երկիրը չլքի ու չգնա օտար ափեր, քանի որ հարազատներից կտրվելն, իսկապես, դժվար է: Այնպիսի հայ չկա, ով դրսում հարազատ չունի: Այդ մարդիկ իրարից կտրվել են:

-Ձեր թույլտվությամբ՝ մի փոքր անցում կատարենք դեպի անձնական կյանք. երիտասարդ, գեղեցիկ ու կայացած կին եք, ինչպիսի՞ն պետք է լինի այն տղամարդն, ով պետք է Ձեր կողքին լինի:

-Ինձ համար հարաբերությունների մեջ ամենակարևոր պայմանը փոխվստահությունն է, հարգանքն ու, իհարկե, սերը: Սերն առանց հարգանքի կամ հակառակը՝ ոչինչ է: Եվ հետո, իմ կողակիցը ինձ պետք է ընդունի այնպիսին, ինչպիսին կամ: Ես շատ նվիրվող եմ, հավատարիմ, կողքինիս կարող եմ սիրել անսահման: Բարդություններ էլ ունեմ՝ արվեստագետին հատուկ «խելառ» գծեր կան, բայց այնպես չի, որ անտանելի եմ: Եթե դիմացինս կարողանա ինձ լիովին ճանաչել ու հասկանալ, ապա ինձ հետ շփվելը շատ հեշտ կլինի:

-Համակերպվո՞ղ եք:

-Այո, հանուն սիրածս էակի՝ ամեն ինչի պատրաստ եմ… Համոզված եմ, որ կգա այն օրը, երբ կգտնեմ իմ կեսին, միակին, ով ինձ առաջնահերթ կընդունի որպես կին, մարդ, այնուհետև՝ որպես երգչուհի ու դերասանուհի: Կգնահատի իմ հոգին, ներաշխարհը: Փառք Աստծո, դեռ երիտասարդ եմ ու հավատում եմ այս ամենին: Բնական է, որ ցանկանում եմ ունենալ լավ, առողջ ընտանիք, սիրող ամուսին: Պետք է հավատալ երազանքների, նպատակների իրականացմանը, այդ դեպքում դրանք իրականություն կդառնան: Ամեն ինչ ունի իր ժամանակը, կգա այդ օրը (ժպտում է):

-Եթե չեմ սխալվում, դուք ժամանակին հենց այդքան մեծ սիրով էլ ընտանիք կազմեցիք…

-Այո, ամուսնացել, ունեցել եմ ընտանիք, սակայն մենք շատ տարբեր էինք: Գտնում եմ, եթե մարդիկ չեն կարողանում համերաշխ ապրել, տուժում են և՛ իրենք, և թե երեխան: Այս պարագայում անհրաժեշտ է, որ առանձնանան… Մենք չկարողացանք միասին համերաշխ ապրել:

-Գուցե պատճառը խա՞նդն էր:

-Չեմ կարծում: Ուղղակի մենք չկարողացանք միմյանց հասկանալ:

-Հանուն երեխայի՝ կարողանո՞ւմ եք պահպանել հարաբերությունները:

-Ինքս չեմ շփվում, բայց աղջիկս երբ ցանկություն է ունենում, հանդիպում է իր հոր հետ: Ես երբեք չեմ արգելում կամ խոչընդոտում նրանց հանդիպմանը:

-Միայնակ կնոջը դժվար չէ՞ երեխա մեծացնել:

-Իհարկե, դժվար է, շատ-շատ դժվար: Երբեք չեմ մտածել, որ կարող եմ երեխայի հետ մենակ ապրել, տուն կառավարել, ամեն ինչ իմ ուսերին վերցնել: Բայց երբ կյանքը նման իրավիճակ է ստեղծում, պարտավոր ես հաղթահարել այդ դժվարությունները: Իմ կյանքում ոչինչ հեշտ չի եղել, շատ դժվարությունների միջով եմ անցել ու սովոր եմ, սիրում եմ դրանք հաղթահարել: Իհարկե, ծնողներս ինձ օգնել են շատ հարցերում, բայց միևնույն է, հեշտ չէ: Բայց, դե կոփվում ու «տղամարդ-կին» ես դառնում: Պահ է գալիս, որ հոգնում ես, ցանկանում, որ հոգսդ կիսող լինի, քեզ միայն կին զգաս… Ինչ արած, դժվարությունն էլ մարդու համար է, ես չեմ վախենում դրանցից: Պատրաստ եմ հանուն ինձ, իմ երեխայի ապագայի ու լավ ապրելակերպի դժվարություններ հաղթահարել: Կյանքը պայքար է, ապրել պարզապես ապրելու համար՝ ճիշտ չէ:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կավարտեք Ձեր խոսքը:

-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար… Ցանկանում եմ, որ մեր երկրում, սահմանին  խաղաղություն լինի, պանդուխտները տուն վերադառնան, ընտանիքները միավորվեն հայրենիքում: Կյանքը բարելավվի: 

19.01.16, 20:32

Նելլի Մարգարյան

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԲժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվելԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Որ արյան խումբ ունեցող մարդիկ են ավելի երկար ապրումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) Գիտնականները ստեղծել են նյութ, որը կարող է ոչնչացնել վիրուսները՝ առանց քիմիական նյութերի«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԿոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Մահացել է պրոդյուսեր Վլադիմիր ՖիլիմոնովըԻսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Եռակի սպանության համար ձերբակալված նախկին ոստիկանի հայրը մահացած է գտնվելԻրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Մհեր Ախտոյանը և նրա հայրը անհետացել են արտերկրումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներՎթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Վաշինգտոնը գործարկում է Լիբանանից Իսրայելի զորքերի մասնակի դուրսբերման ծրագիրը. ԱՄՆ-ն կստեղծի առաջին «պիլոտային գոտիները» Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանԱրմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին 4 օր Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Գազ չի լինելու․ հասցեներ