Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, խելացի: Ռոբերտի սիրելի առարկան, եթե կարող ենք այդպես ասել, գնդակն էր»: Այսպես է սկսվում Ռոբերտի մայրիկի հետ մեր զրույցը: «Դպրոցական տարիներին դասարանում աչքի էր ընկնում, բոլորն իրեն սիրում էին: Հիմա արդեն իր դպրոցական ընկերները մեզ հետ են կապ պահպանում, գալիս են մեր տուն, զրուցում ենք, հիշում տարբեր պատմություններ: Նրանք Ռոբի հետ կապված ամեն ինչ հիշում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը:

Նշում է՝ դպրոցում սովորելու տարիներին որդին նախապատվությունը տալիս էր օտար լեզուներին, սիրում էր հատկապես ռուսաց լեզուն: Ռոբերտը երրորդ-չորրորդ դասարանից սկսել է ձյուդոյի հաճախել: «Հետո իմացանք, որ ձյուդոյի պարապմունքների համար նախատեսված հագուստը վերցնում է, գնում պարապմունքների վայր, բայց այնտեղ չի մնում: Ճանապարհն իրեն տանում էր դաշտ` ֆուտբոլ խաղալու, իսկ հետո գալիս էր տուն: Հայրիկն այդ ժամանակ իրեն ասաց՝ այդպես չի լինի, պետք է ընտրես երկուսից մեկը, ու իր ընտրությունը կանգ առավ ֆուտբոլի վրա՝ «ֆուտբոլ, պա'պ, ձյուդո չեմ ուզում»: Չնայած արդեն ձյուդոյում էլ էր հաղթանակներ գրանցել: Իմ տղան շատ մեդալներ ունի ձյուդոյից, բնականաբար` ֆուտբոլից ավելի շատ»: Ֆուտբոլ սկսեց խաղալ «Բյուրեղ» (մենք Բյուրեղավանում ենք ապրում), հետո «Գանձասար-Երևան», իսկ վերջում արդեն «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում»: Ռոբերտը զինվորական ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից հետո: Մայրիկն ասում է՝ պատերազմից հետո առաջին զորակոչն էր:

«Մարտական էր տրամադրված: Կարող էր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, իրեն արդեն պետք է հավաքականում ընդգրկեին: Եթե լիներ հավաքականում, ծառայության չէր զորակոչվի: Բայց նա ցանկացավ բանակ գնալ: Ասաց՝ երկու տարի է, գնամ, պարտքս տամ ու գամ: 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո չէինք էլ պատկերացնում, որ նորից ագրեսիա կլինի»: Նախքան զորակոչվելը Ռոբերտը հասցրել է ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, մոտ մեկ կիսամյակ ուսանող լինել: Մայրիկն ասում է՝ ավաղ, համավարակի շրջանն էր, դասերն օնլայն էին, և որդին չկարողացավ վայելել իր ուսանողական՝ թեկուզև կարճ կյանքը: Ռոբերտը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. փետրվարի 15-ին: Առաջին երեք ամիսը ծառայել է Խնձորեսկում, իսկ այնուհետև ծառայությունը շարունակել Գորիսի «Զանգեր» զորամասում:

«Շատ ծանր ծառայություն է ունեցել: Իրենց բարձրացնում էին դիրքեր, ամիսն անցնում էր, դեռ դիրքերում էին լինում: Բայց երբեք որևէ բանից մեզ չի դժգոհել: Միշտ բոլոր տղաների հայտնի խոսքն էր ասում՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա»»: Տղաների շատ պատմություններում է այս նույն միտքը «շրջում», վստահությամբ ասված խոսքերով նրանցից յուրաքանչյուրը նույն վստահության ու ապահովության զգացումն է փոխանցել իր ընտանիքին: Մայրիկը մտովի տեղափոխվում է 2022 թ. սեպտեմբերի 12: «Այդ օրը երևի հինգ-վեց անգամ զանգել է ինձ, հայրիկին: Ձայնից անգամ չեմ զգացել, որ այնտեղ լարված է, ինչոր բան է սպասվում. «Մա՛մ, ազա՞տ ես, կարո՞ղ ենք խոսել»: Գուցե վտանգի զգացողություն ուներ, կանխազգացում, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, բայց նաև չեմ կարծում, որ նման հարձակման էին սպասում: Իրենք Սև լճի դիրքեր էին բարձրանում, մեկ-երկու անգամ ագրեսիայի դեպքեր եղել էին:

Ամենաբարձր դիրքում էին՝ Իշխանասարում»: Տղաները երևի մտածել են, որ այդ բարձունքին թշնամին հասնել չի կարող: «Սեպտեմբերի 12-ին վեց անց կեսի-յոթի կողմերն է եղել վերջին զրույցը: Զրուցեցինք, ասաց՝ մեզ մոտ «ուսիլենի» են արել, թվով շատ ենք: Մտքովս չանցավ, թե ինչ է: Լինում էր, որ տղաները բարձրանում էին դիրքեր, ժամկետային զինծառայողների էին բարձրացնում, տղաները թվով շատ էին լինում: Գիշերը տասնմեկ անց կես վերջին հաղորդագրությունը գրեց՝ մա՛մ ջան, բարի գիշեր: Այդքանը: Մեկ ժամից կռիվն սկսվել է: Ռոբս մինչև լուսաբաց կռիվ է տվել: Հինգ անց կեսի կողմերը տղաները ռացիայով Ռոբիս ձայնը լսել են, փամփուշտ է ուզել: Երկու ոտքից վիրավոր է եղել: Ռոբիս ճանաչել ու գտել ենք այդ «շների» տելեգրամյան էջերի միջոցով: Ամուսինս է ճանաչել Ռոբին, նկարել էին տղաներին, նկարները տեղադրել տելեգրամյան էջերում, սեպտեմբերի 15-ին ամուսինս նկարը տեսել է»:

Պատերազմի սկսվելուց հետո, երբ ծնողները Ռոբերտից լուր չունեին, նրանց տարբեր տեղեկություններ են փոխանցել, թե Ռոբերտին տեսնող է եղել, թե իջել է դիրքերից: «Հույս ունեինք, որ իջել է դիրքերից: Ասում էին, որ ձայնը լսել են, տեսնողներ են եղել, անտառներում են: Սեպտեմբերի 14-ին ամուսինս Գորիսում էր: Ռոբերտի զինակից ընկերները գիտեին լուրը, տեսել էին նկարները, բայց չէին կարողացել ամուսնուս ասել, որ վերևում մնացած տղաներն էլ չկան»: Ռոբերտը, երկու ոտքից վիրավոր լինելով, ընկերոջն է օգնություն ցույց տվել, ընկերոջ պարանոցն է վնասված եղել: Ռոբերտը հայտնվել է դիպուկահարի թիրախում: Մեկ մահացու կրակոց, և Ռոբերտն անմահացել է: Օրեր անց Ռոբը մեր 95 տղաների հետ արդեն «տանն էր»: «Մեր լույսը մարեց: Մեր աշխույժ, ժիր, կյանքով լի տղան էր: Տեղում նստած չէր մնում: Իր զինակից ընկերներն են պատմում՝ չէր թողնում քնել, ասում էր՝ կհասցնեք քնել, վեր կացեք, մի բանով զբաղվենք: Տանն էլ էր այդպիսին: Ուշ քնում էր, շուտ արթնանում, գնում ստադիոն վազելու:

Տղաներն էլ են ասում՝ անգամ սարերում էր վազում: Սիրում էր նկարվել: Աղջիկս ամուսնացած է, հենց գալիս էր մեր տուն, Ռոբերտն ասում էր՝ մա՛մ, նկարի մեզ իրար հետ: Ռեալի ու Ռոնալդուի երկրպագուն էր: Այնքան մարզաշապիկներ ունի, որոնք փոքր տարիքից սկսած հագել է, այսօր դրանք պահում-պահպանում եմ: Բյուրեղավանի դպրոցի այն դասարանը, որտեղ սովորել է Ռոբս, անվանակոչվել է նրա անունով: Նրա հիշատակին փառքի անկյուն կա: Մեր բակում Ռոբիս անունով պուրակ ենք կառուցել, կենտրոնում գնդակն է, խաչքար է տեղադրված: Պատուհանից դուրս եմ նայում, և աչքիս առաջ Ռոբիս պուրակն է»: Կյանքը շարունակելու ուժի մասին: «Ուժ տվեց այն, որ միշտ պատմեմ ու հիշեցնեմ իր մասին, որ իրեն չմոռանան: Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը»:

Հ. Գ. - Ռոբերտ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Բյուրեղավանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն