Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ևս մեկ վիրահատության է ենթարկվել մահափորձից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է երկրի կառավարության փոխնախագահ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:
«Ֆիցոն այսօր վիրահատվել է»,-ասել է նա:
Կալինյակի խոսքով՝ վարչապետի վիճակը մնում է ծանր, բայց կայուն։
Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարվել մայիսի 15-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց։ Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողը գործել է քաղաքական դրդապատճառներով։ Նրան սպառնում է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։
Սլովակիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի վարչապետի դեմ մահափորձը կատարել է 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան, որը կրակել է Ֆիցոյի վրա, երբ վարչապետը մոտեցել էր ողջունելու նիստի անցկացման վայրի մերձակայքում հավաքված մարդկանց։
Հանրապետության ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակած անձը գործել է միայնակ, մասնակցել է հակակառավարական ցույցերին, սակայն կապված չէ արմատական խմբավորումների հետ։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը համաձայն չի եղել երկրի նախարարների կաբինետի գործողությունների հետ։