Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոյս իմ ոսկե հեքիաթն է». Նոյ Թևոնյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղի բարձունքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոյը շատ սիրուն, լուսավոր տղա էր, բարի, խելացի: Սպասված ու սիրված երեխա էր՝ երեք քրոջ փոքր եղբայրը: Շատ աշխույժ էր մանկության տարիներին: Ասում էինք՝ քիչ վազվզի, կհոգնես, արձագանքում էր՝ էներգիաս այնքան շատ է, պետք է ծախսեմ: Շատ խղճով էր, փողոցում տեսներ՝ մեկը գիրք կամ այլ իր է վաճառում, կգներ, եթե անգամ իրեն պետք չլիներ. «Մա՛մ, գնեմ, որ պապիկների հոգսը թեթևանա, վաճառեն ու շուտ գնան տուն»»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Նոյի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին շատ էր սիրում ֆիզիկան: «Նոյս ծնվել է Արարատի մարզի Արալեզ գյուղում: Սովորել է տեղի հանրակրթական դպրոցում: Երեք տարի հաճախել է Վեդիի մարզադպրոց, զբաղվել դոքենդո կարատեով։ 12 տարեկանից սովորել է Թումո կենտրոնում։ Նորագույն տեխնոլոգիաները շատ էր սիրում, ռոբոտաշինությամբ էր զբաղվում, արժանացել է պատվոգրերի: Մի քանի անգամ ներկա ենք եղել Թումոյում կազմակերպված ցուցահանդեսներին»: Նոյը երկքաղաքացիություն ուներ, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր: Ընտանիքը մի շրջան տեղափոխվեց Ռուսաստան:

«Որքան համոզեցինք մնալ և ուսումը շարունակել այնտեղ, չհամաձայնեց. «Պետք է Հայաստան վերադառնամ, սովորեմ, նաև բանակում ծառայեմ»: Վերադարձանք: 2019 թ.-ին ընդունվեց Ագրարային համալսարանի գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժին: Մեկ կիսամյակ սովորեց, և զորակոչեցին բանակ: Իրեն ծանուցագիր չի եկել, ինքը զանգահարեց զինկոմիսարիատ, թե՝ իմ ընկերները մեկնել են ծառայության, իսկ ե՞ս»: 2020 թ.-ի հունվարի 19-ին Նոյը զորակոչվել է Հայկական բանակ։ Ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտում։

«Զինակից ընկերները պատմում էին. «Երբ նկատում էինք, որ Նոյը որևէ բան է անում, ամբողջ վաշտով հավաքվում էինք նայելու, թե ինչ է անում, ինչ նոր բան է մտածել»: Շատ էին իրեն սիրում, հարգում, մի օր զանգահարեց՝ մա՛մ, տղաներն ինձ «Ռազվետկի պոնչ» են ասում: Տարիքի հետ ավելի էր լրջացել, անգամ քույրիկը, որ իրենից 11 տարի մեծ է, ասում էր՝ մա՛մ, ոնց որ իմ մեծ եղբայրը լինի, չեմ կարողանում իր հետ փոքրի պես շփվել: Հասուն էր, խելացի, կարծես ժամանակից շուտ մեծացավ: Անսահման բարի էր, երևի այս ամենի պատճառն էլ իր բարությունն ու խիղճը դարձան: Մի շոկոլադ ունենար, հավասար մասերի կբաժաներ, որ ընտանիքի բոլոր անդամներին՝ թեկուզ փոքր, բայց մեկ կտոր բաժին հասներ: Մի օր էլ, երբ դեռ բանակ չէր գնացել, զրուցում էինք, ասաց. «Մա՛մ, գիտե՞ս, թե ինձ իմ մեջ ինչը դուրս չի գալիս»:

Հարցրեցի՝ ի՞նչը Նոյ ջան: «Խիղճս, խիղճս շատ է խանգարում ինձ ապրել»: Մեկ-մեկ ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս՝ երանի մի քիչ վախկոտ լիներ, այդքան խղճով չլիներ: Բայց հետո հասկանում եմ՝ չէր կարող այդպիսին լինել: Իր տեսակը չփոխվեց ո՛չ ծառայության օրերին, ո՛չ էլ պատերազմի ժամանակ»: Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց: «Մոսկվայում էի: Արթնացա ու միանգամից ասացի՝ տոմս գնեք, գնում եմ Հայաստան: Դեռ պատերազմի մասին չէի էլ լսել: Տոմսը գնեցին, եկա, արդեն պատերազմի լուրը տարածվել էր: Պատերազմի օրերին առաջին հարձակումը եղել է Թալիշ-Մատաղիս ուղղությամբ: Իրենք դիրքերում էին: Ամեն օր զանգահարում էր, բայց ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ նորմալ է, լավ եմ: Այդ մի քանի րոպեի ընթացքում հասցնում էր և՛ մեզ հետ զրուցել, և՛ մեր միջոցով ինֆորմացիա փոխանցել զինակից ընկերների ծնողներին, որպեսզի նրանք էլ հանգիստ լինեին իրենց տղաների համար:

Ծառայության ժամանակ Նոյը դրոններ էր երկինք բարձրացնում, պատերազմի ժամանակ նորոգում վնասված դրոնները: Հոկտեմբերի 2-ին զանգեց՝ մա՛մ, պապային ասա, թող շուտ ինձ զանգի: Հայրիկի հետ խոսելիս ասել էր՝ բոլորը թողել, գնացել են, շրջափակման մեջ ենք, ի՞նչ անենք: Ասում է, որ մի տասը հոգով են իրենց սպայի հետ: Հայրիկը խորհուրդ էր տվել նահանջել, ասել, որ այդքանով ոչինչ անել չեն կարող: Երեխեքը 70 կմ՝ Մատաղիսից մինչև Դրմբոն ոտքով գալիս են, իհարկե, ոչ ճանապարհներով: Հասնում են Մարտակերտ, տեսնում են այն գրավված է, մի կերպ անցնում են այդ հատվածից, հասնում են Դրմբոն: Այնտեղ զարմանում են, որ երեխեքը ողջ են մնացել, դե, բոլորը իրենց թողել ու փախել էին: Մի քանի օր մնում են այդտեղ, հոկտեմբերի 7-ին իրենց հրաման են տալիս, որ պետք է Վարանգաթաղի բարձունքը գրավեն: Այդ օրն եմ վերջին անգամ իր հետ խոսել: Մի անգամ առավոտյան է զանգել, մի անգամ՝ կեսօրին:

Իրեն ասում էի՝ Նո՛յ ջան, ցավդ տանեմ, ինչո՞ւ ես այդքան զանգում: Վախ կար, որ հանկարծ հեռախոսի միջոցով իրեն չթիրախավորեին: «Մա՛մ, ուզում եմ բոլորիդ հետ խոսել»: Իսկ ես չէի հասկանում, որ հրաժեշտ է տալիս՝ իմանալով՝ ուր որ գնում են, հետդարձ չկա»: Տիկին Գայանեն հիշեցնում է՝ Վարանգաթաղը շատ կարևոր նշանակություն ունեցող բարձունք է եղել: «Կարելի է ասել, որ դրանից կախված է եղել Եղնիկների զորամասի գոյությունը: Դրա համար տղաներն ասել են՝ ավելի լավ է մենք, քան հազար զինվոր»: Նոյը զոհվել է հոկտեմբերի 9-ին, մայրիկն ասում է՝ պաշտոնական տվյալներով, հոկտեմբերի 11-ին Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքը պաշտպանելիս: «Բարձունքը գրավում են, թշնամու դրոշն իջեցնում: Կրակ է սկսվում: Տղաները զոհվում են: Տղաներից մեկը, որը մեր տուն եկավ, պատմեց մանրամասները. «Դեղատուփը վերցրեցի, որ վերև վազեմ, բայց հրամանատարն ասաց՝ ուշ է, մի գնա, տղաները զոհվել են»: Երեք հետախույզ և իրենց հրամանատարը՝ Նոյս, Ադամը, Արտակը ու Միհրանն, այդտեղ զոհվում են: Ընկերները որոշում են բարձունքից իջեցնել տղաների մարմինները, որպեսզի թշնամին հանկարծ մոտ չգա նրանց»: Ապրելու ուժի մասին:

«Աղջիկներս ուժ տվեցին ապրելու: Ապրեմ, որ ապրեցնեմ Նոյիս: Եթե իմ տղան իր կյանքը գիտակցաբար զոհել է հանուն ուրիշների, ուրեմն, ես պարտավոր եմ ապրել: Տղաները հստակ գիտակցել են, թե որքան վտանգավոր առաջադրանք պետք է կատարեն, գիտակցված անձնազոհության են գնացել: Հիմա մեր կործանվելը, ոչինչ չանելը հեշտ է, ապրելն է դժվար: Ամեն օր արթնանալ ու գիտակցել, որ քո երեխան չկա, դա է դժվարությունը: Բայց տարբերակ չունես, պիտի ապրես ու իրեն ապրեցնես: Տղաները նպատակի համար գնացին, որ փրկեն երկիրը, պիտի արժանի լինենք իրենց: Մեզ՝ ծնողներիս, պետք չէ խղճալ, մենք այսպիսի կամքի ուժ ունեցող, ուժեղ տղաներ ունենք, ուղղակի պետք է բոլորս միասին ամեն ինչ անենք, որ նրանց անունները հավերժանան պատմության մեջ: Նրանք շատ կարճ ապրեցին, բայց նրանք հավերժ են լինելու: Նոյս իմ կարճ ու ոսկե հեքիաթն է»:

Տիկին Գայանեն որդու մանկությունից մի պատմություն է վերհիշում: Չգիտես էլ՝ ճակատագի՞ր, թե՞ ուղղակի դիպված է այն: «2006 թ.-ին Նոյը դեռ հինգ տարեկան էր: Ամուսինս Արցախյան պատերազմի մասնակից է, այդ ընթացքում աշխատում էր ոստիկանական ուժերում: Հերթական աստղը ստանալուց հետո Նոյն ասաց՝ մա՛մ, ինձ համար էլ նման մի գրքույկ սարքիր: Տանը ունեինք մաքուր, չգրված գրքույկ, վերցրեցի, իր հինգ տարեկան նկարն ամրացրեցի, սկսեցի նշումներ անել՝ Նոյ Թևոնյան, հետախուզություն, ինքն էլ ասաց՝ գրի 2020 թվական: Գրեցի վավեր է մինչև 2020 թվականը: Երբ հարցրեցի՝ ինչո՞ւ 2020, ասաց՝ սիրուն թիվ է»:

Հ. Գ. - Նոյ Թևոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ Զաքարյան