Մոլդովայում ցուցարարները հայտարարել են Ազգային փրկության խորհրդի ստեղծման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի ձախ ընդդիմության ցուցարար համախոհները բանաձև են ընդունել, որում հայտարարել են Ազգային փրկության խորհրդի ստեղծման մասին՝ պահանջելով ցրել խորհրդարանն ու անցում կատարել երկրի նախագահին ժողովրդական ուղիղ քվեարկությամբ ընտրելու համակարգին։
Քիշնևում կիրակի անցկացվում է զանգվածային հանրահավաք։ Ոստիկանության տվյալներով՝ դրան մասնակցում է մոտ 20.000 մարդ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ հանրահավաքին մասնակցում են ավելի քան 100.000 ցուցարար։
Ցուցարարները պահանջել են ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրությունների ժամկետը նշանակել 2016 թվականի ապրիլից ոչ ուշ, ինչպես նաև ստեղծել համաժողովրդական ուղիղ քվեարկությամբ նախագահ ընտրելու օրինական ընթացակարգ։ Այդ պահանջների կատարման համար էլ ստեղծվում է Ազգային փրկության խորհուրդ, որում ընդգրկվելու են ցուցարարների ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները։



