BMW-ն «Դվին» ռեստորանի հարևանությամբ կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հայտնվել բաժանարար գոտում, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 15 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: